Երեխայի մահվան դեպքից հետո փորձագետները ծնողներին կոչ են անում ատամ հանող երեխաներին ուլունքներ չտալ

09:27   26 դեկտեմբերի, 2018

ԱՄՆ սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը (FDA) ծնողներին կոչ է արել հրաժարվել ծկթող ատամների համար մանկական ուլունքներից: Կոչը հրապարակվել է 18-ամսական երեխայի մահից, ինչպես նաեւ այլ երեխաների տարբեր վնասվածքներ ստանալուց հետո:

Այդ ուլունքները տարբեր ձեւերի են եւ թողարկվում են առաջին ատամները հանելու շրջանում փոքրիկների ցավը մեղմելու համար: Դրանից բացի, սենսորային խթանման նպատակով այն տալիս են նաեւ աուտիկներին եւ ուշադրության դեֆիցիտի ու հիպերակտիվության համախտանիշով (ADHD) տառապող երեխաներին:

FDA-ն հայտնում է այս ուլունքների օգտագործման հետեւանքով փոքրիկների ստացած վնասվածքների դեպքերի մասին: Այսպես՝ մի երեխա ուլունքահատիկով խեղդվել էր եւ շտապ հիվանդանոց տեղափոխվել: Փոքրիկի կյանքը հաջողվել էր փրկել:

«Սպառողները պետք է հաշվի առնեն ատամնացավի բուժման այլընտրանքային միջոցների հարցերով Մանկաբուժության ամերիկյան ակադեմիայի հրահանգները: Դրանք են՝ բորբոքված լնդերի շփումը մաքուր մատներով կամ պինդ ռետինից ատամի օղակի օգտագործումը»,- նշում է FDA ներկայացուցիչ Սքոթ Գոթլիբը:

Ծկթող ատամների համար մանկական ուլունքները կարող են շնչահեղձության, բերանի լորձաթաղանթի վնասման, ինֆեկցիա անցկացնելու պատճառ դառնալ:

FDA-ն նաեւ խորհուրդ է տալիս խուսափել ծկթող ատամների քսուքների, գելերի, սփրեյների, ինչպես նաեւ բերանի խոռոչի եւ լնդերի ցավի դեմ քսուքների  օգտագործումից:



© NEWS.am Medicine