Բրիտանացիները բժիշկներից պահանջում են երեխաներին էպիլեպսիայի դեմ մարիխուանա նշանակել

19:30   26 դեկտեմբերի, 2018

Մեծ Բրիտանիայում բժշկական նպատակներով մարիխուանայի օրինականացումից հետո բրիտանացի ծնողները համարյա գրոհում են մանկաբույժների վրա՝ պահանջելով, որ երեխաներին էպիլեպսիայի դեմ մարիխուանա նշանակեն։ The Daily Mail-ը հայտնում է, որ բժիշկների համար ծայրահեղ ծանր է բացատրել ծնողներին, որ մարիխուանան չի բուժում այդ հիվանդությունը։

Բժիշկներից մարիխուանայի դեղատոմս պահանջող ծնողների թիվը հասնում է մի քանի հարյուրի։ Մեծ Բրիտանիայում 20 հազար երեխաներ տառապում են էպիլեպսիայով, որը սովորական ճանապարհով չի բուժվում։ Սակայն երկրի առաջատար մանկաբույժները խոստովանում են, թե սարսափած են նրանից, որ շատ ծնողներ կանաբիսը էպիլեպտիկ նոպաների դեմ դարման են համարում։

Մի կողմից, մարիխուանայի բժշկական առավելությունները ճանաչվել են պետական մակարդակով, սակայն այժմ պացիենտները մարիխուանան բոլոր դժբախտությունների դեմ դեղամիջոց են համարում՝ մոռանալով, որ նրա մեջ պարունակվող հոգեմետ տետրահիդրոկաննաբինոլը կարող է փսիխոզի զարգացման պատճառ դառնալ։

Բրիտանացի մանկաբույժները նշում են, որ կանաբիս օգտագործող պացիենտների թիվը կտրուկ աճել է։ Միաժամանակ, մասնագետները հակված են էպիլեպսիայի դեպքում մարիխուանայի օգտագործման ավելի զգույշ կանխատեսումների։

 



© NEWS.am Medicine