Ամեն փայլուն բան ուտելի չէ. Մասնագետները մտահոգված են հրուշակագործական արտադրանքի վրայի փայլերով

09:27   27 դեկտեմբերի, 2018

Ամանորին ընդառաջ խանութներից շատերում հայտնվում են «տոնական» կարկանդակներ, կեքսեր եւ հրուշակագործական այլ արտադրանք՝ զարդարված փայլերով եւ այլ դեկորատիվ տարրերով: Դրանք, իհարկե, անչափ գրավիչ տեսք ունեն, սակայն մասնագետներին մտահոգում է առողջության համար անվտանգության հարցը:

Բնականաբար, գոյություն ունեն նաեւ ուտելի փայլեր, սակայն ամերիկյան Food and Drug Administration-ը զգուշացնում է, որ հաճախ հրուշակագործական արտադրանքը զարդարելու համար օգտագործում են նաեւ ոչ ուտելի դեկոր: Ավաղ, շարքային սպառողներից քչերն են ստուգում, թե արտադրանքը ինչպիսի փայլերով է զարդարված:

Փորձագետները կոչ են անում ուշադիր ուսումնասիրել ցանկացած սննդային դեկորի փաթեթը, որտեղ պետք է նշվի բաղադրությունը: Որպես կանոն, սննդային դեկորը պատրաստում են շաքարից, գումիարաբիկից, մալտոդեկստրինից, եգիպտացորենի օսլայից եւ սննադային ներկանյութերից:

Եթե պատրաստվում եք պատրաստի արտադրանք գնել, վաճառողին անպայման հարցրեք, թե այն ինչ բաղադրություն ունի, եւ արդյոք փայլերն իսկապե՞ս ուտելի են: Եթե թեկուզ չնչին կասկածներ ունեք հրուշակագործական արտադրանքի վրայի  փայլերի «ուտելի լինելու» վերաբերյալ, ավելի լավ է գնումից հրաժարվեք, քան հետո խնդիրների բախվեք՝ ուտելով պլաստիկ կամ այլ ոչ ուտելի նյութեր:



© NEWS.am Medicine