Գեղեցկության սրահում մանիկյուր անելիս ինչպե՞ս պաշտպանվել ինֆեկցիաներից. պատմում է  փորձագետը

17:35   4 հունվարի, 2019

Գեղեցկության սրահում մանիկյուր եւ պեդիկյուր անելիս ինչպե՞ս պաշտպանվել ինֆեկցիաներից (այդ թվում հեպատիտի վիրուս) եւ սնկերից:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում մատնահարդարման մասնագետ Գրետա Մայիլյանը նշեց, որ գեղեցկության սրահի ընտրության դեպքում հաճախորդը պետք է ուշադրություն դարձնի, թե որտեղ եւ ինչ պայմաններում է իրականացվում մանիկյուրի գործիքների մանրէազերծումը:

Եթե մասնագետը մեծ թվով հաճախորդներ ունի, ապա նրա մոտ միաժամանակ պետք է նոր, ստերիլ փաթեթավորված գործիքներ լինեն; գործիքներ, որոնք հատուկ լուծույթներում վարակազերծիչ մշակման են ենթարկվում; գործիքներ, որոնք մանրէազերծվում են  հատուկ սարքում:

Եվս մեկ կարեւոր հանգամանք. Լարված ժամանակացույցի դեպքում մանիկյուրի մասնագետը պետք է աշխատանքի համար  բավականաչափ գործիքներ ունենա: Դա թույլ կտա նրան անգամ մեծ թվով հաճախորդների դեպքում մշտապես ձեռքի տալ ստերիլ գործիքներ ունենալ:

Ոչ բոլորը գիտեն, բայց եղունգների խարտոցի միջոցով կարող են սնկային հիվանդություններ տարածվել: Դա նշանակում է, որ մանիկյուրի մասնագետը պետք է ամեն մի հաճախորդի համար առանձին խարտոց օգտագործի: Խարտոցները նույնպես պետք է մատնահարդարման գործիքների համար նախատեսված հատուկ սարքում մանրէազերծվեն:

Շատ գեղեկցության սրահներում հաճախորդի առջեւ մանիկյուրի գործիքները մաքրում են սպիրտով՝ դրանց մանրէազերծությունը ցույց տալու համար:

Մինչդեռ ինչպես նշեց Մայիլյանը, սպիրտը չի սպանում ինֆեկցիան եւ սնկերը: Գործիքները հնարավոր չէ մանրէազերծել նաեւ եռացրած ջրի մեջ, քանի որ այն տաքանում է մինչեւ 100 աստիճան, մինչդեռ հատուկ սարքում ջերմաստիճանը հասնում է մինչեւ 280 աստիճան:

Ի դեպ, սրբիչներչը նույնպես կարելի է այդ սարքում մանրէազերծել՝ ավելի չափավոր ջերմաստիճանային ռեժիմում:

Պակաս կարեւոր չէ նաեւ պեդիկյուրային վաննաներին ուշադրություն դարձնելը: Մայիլյանը նշեց, որ պեդիկյուրային վաննաները պարտադիր կարգով պետք է ամեն մի հաճախորդից հետո հատուկ միջոցներով ախտահանվեն: Բացի այդ, կարելի է հատուկ մեկանգամյա օգտագործման ցելոֆանե տոպրակներ օգագործել:

«Այս կանոններին հետեւելը մանիկյուրի համար գեղեցկության սրահ այցն անվտանգ կդարձնի», - ընդգծեց փորձագետը:



© NEWS.am Medicine