Դուք, հավանաբար, որոշ հիվանդությունների մասին ոչ մի անգամ չեք լսի, եթե, իհարկե, բժիշկ չեք: Բայց կան հիվանդություններ, որոնց կարող է բախվել յուրաքանչյուրը, եւ դրանց մասին չիմանալ չի կարելի:
NEWS.am Medicine-ը «Ճանաչենք հիվանդությունները» խորագրի ներքո ներկայացնում է այն հիվանդությունները, որոնց մասին յուրաքանչյուրը պետք է տեղյակ լինի՝ իմանալու համար, թե դրանք ինչ վտանգ են ներկայացնում, ինչպես կարելի է պաշտպանվել եւ ինչ պետք է անել, եթե, այնուամենայնիվ, հիվանդացել եք:
Այսօրվա թեման է սինուսիտը:
Այս հիվանդության առանձնահատկությունները պարզելու հարցում NEWS.am Medicine-ին օգնեց «Աստղիկ» ԲԿ քիթ-կոկորդ-ականջաբան Արսեն Կոշտոյանը:
Սինուսիտ
Սինուսիտը քթի մեկ կամ մի քանի հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է: Սուր սինուսիտը սովորաբար առաջանում է ՍՇՎ-ի, գրիպի եւ այլ վարակիչ հիվանդությունների բարդացման հետեւանքով (ընդ որում՝ սինուսիտը կարող է ունենալ ինչպես բակտերիալ, այնպես էլ վիրուսային բնույթ):
Սինուսիտը կարող է զարգանալ նաեւ քրոնիկական, այդ թվում՝ ալերգիկ հիվանդությունների հետեւանքով, դեմքի վնասվածքների արդյունքում, ինչպես նաեւ քթի հարակից խոռոչների մեջ ատամի լիցքի ընկնելու պատճառով. եթե ատամը բուժելիս լիցքն արմատից ընկնում է խոռոչի մեջ, կարող է բորբոքային պրոցես առաջացնել, ինչը եւ կդառնա սինուսիտի զարգացման պատճառը:
Ընթացքի բնույթից կախված՝ տարբերակում են սուր եւ քրոնիկական սինուսիտներ: Ըստ տեղայնացման՝ առանձնացնում են սինուսիտի մի քանի տարբերակներ.
Ինչպես նշեց բժիշկ Կոշտոյանը, չբուժելու դեպքում սինուսիտները կարող են բերել մի շարք ծանր բարդությունների. բորբոքումը հարակից խոռոչներից կարող է հեշտությամբ անցնել այլ օրգաններ, այդ թվում՝ ուղեղ եւ աչքեր: Ավելին՝ բժշկական գրականության մեջ բարձիթողի սինուսիտների պատճառով նաեւ մահվան ելքով դեպքեր են նկարագրված, ուստի չարժի անտեսել սինուսիտի ախտանիշները՝ ցանկալի է բժշկի դիմել առաջին իսկ հնարավորության դեպքում:
Ախտանիշները
Սուր սինուսիտի հիմնական ախտանիշներն են՝ գլխացավեր, քթից թանձր արտադրություն, շուրջքթային կամ մերձճակատային հատվածներում ծանրության զգացում, ցավ գլխի կտրուկ շարժումների դեպքում: Այս ախտանիշներին երբեմն ավելանում են բարձր ջերմությունն ու ընդհանուր թուլությունը:
Սինուսիտի բարձիթողի դեպքերում կարող է հայտնվել արդեն կոպերի այտուց, տեսողության վատթարացում (եթե բորբոքային պրոցեսներն անցել են աչքեր): Իսկ եթե առաջացել են ներգանգային բարդացումներ, պացիենտի մոտ կարող են առաջանալ սրտխառնոց, փսխում, գիտակցության կորուստ եւ այլ խնդիրներ:
Ախտորոշումը
Ախտորոշումը կատարվում է հիվանդության պատմության, կլինիկական հետազոտումների տվյալների եւ հետազոտման լրացուցիչ մեթոդների արդյունքների հիման վրա: Բժիշկ Կոշտոյանը նշեց, որ անցյալում սինուսիտի ախտորոշման համար ռենտգենն են օգտագործել, սակայն այսօր նախընտրում են ՀՏ-ն՝ որպես հետազոտության առավել արդյունավետ եւ տեղեկատվական մեթոդ:
Բուժումը
Սինուսիտի բուժումը կախված է տարատեսակից եւ նշանակվում է քիթ-կոկորդ-ականջաբանի կողմից: Անհրաժեշտության դեպքում բուժմանը ներգրավվում են նաեւ այլ մասնագետներ՝ ալերգոլոգ, նյարդաբան, նեյրովիրաբույժ:
Ինչպես նշեց բժիշկ Կոշտոյանը, ժամանակին հայտնաբերելու դեպքում սինուսիտը հաջողությամբ բուժվում է դեղորայքով: Սակայն եթե սինուսիտի պատճառըխրոնիկ հիվանդություններն են, կիստաները կամ խոռոչներում օտար մարմնի առկայությունը (օրինակ՝ ատամի լիցքը), պահանջվում է վիրաբուժական միջամտություն: Բարձիթողի դեպքերում նույնպես կարող է վիրաբուժական միջամտության կարիք լինել:
Վերջաբանի փոխարեն
Հայաստանում սինուսիտները շատ տարածված են եւ զարգանում են, որպես կանոն, գրիպի ու ՍՇՎ-ի բարդացումների պատճառով: Քանի որ բուժման բացակայության դեպքում սինուսիտները կարող են առաջացնել ծանր բարդություններ եւ նույնիսկ մահվամբ ավարտվել, խորհուրդ է տրվում այս հիվանդությունը կասկածելու դեպքում բժշկի դիմել: