Երկվորյակներ եւ երկար սպասված երեխաներ. Երեւանում ամանորյա գիշերը քանի՞ երեխա է ծնվել

14:18   2 հունվարի, 2019

Հունվարի 1-ին շատ ընտանիքներում նշել են ոչ միայն եւ ոչ այնքան Ամանորը, որքան երեխայի ծնունդը. նոր տարվա առաջին օրը մի քանի զույգեր շատ տարիների անպտղությունից հետո երկար սպասած երեխաների են ունեցել:

Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԻ-ում ամանորյա գիշերը երկվորյակ է ծնվել՝ աղջիկ եւ տղա: Իսկ 2019 թվականի ամբողջ առաջին օրվա ընթացքում ծնվել է 9 երեխա՝ 6 տղա եւ 3 աղջիկ: Բուժկենտրոնում նոր տարում առաջին երեխան ծնվել է 00:06-ին. ծննդօգնության գործընթացին մասնակցող բուժաշխատողները Ամանորը դիմավորել են ծննդյան սրահում:

Հունվարի 1-ին «Սլավմեդ» ԲԿ-ում ծնվել է 6 աղջիկ: Նորածիններից մեկին ծնողները սպասում էին ամբողջ 9 տարի:

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում նոր տարվա առաջին օրը ծնվել է 5 երեխա, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում՝ 7 երեխա՝ 4 տղա եւ 3 աղջիկ:

«Աստղիկ» ԲԿ-ում ծնվել է 9 երեխա՝ 3 տղա եւ 6 աղջիկ: «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ում դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ի առավոտյան 9:00 ծնվել է 14 երեխա՝ 9 տղա եւ 5 աղջիկ:

Նշենք, որ NEWS.am Medicine-ին չհաջողվեց կապ հաստատել մյուս ծննդատների հետ:

Լուսանկարները՝ https://www.facebook.com/morevmankan/



© NEWS.am Medicine