Բացառիկ վիրահատություն. Բժիշկները վերակառուցել են քաղցկեղով կնոջ դեմքը՝ օգտագործելով ուսի ոսկորները եւ մեջքի մկանները (ֆոտո)

14:44   3 հունվարի, 2019

Անցյալ տարի Ջեն Թեյլորն իմացավ, որ իր մոտ սարկոմա է. քաղցկեղի ուռուցքը կաթվածահար էր արել վերին ծնոտը, եւ որպեսզի վերապրեր, կինը ստիպված էր 7 ամսվա քիմիաթերապիա անցնել եւ 16 ժամանոց բարդ վիրահատություն:

Վիրահատության ընթացքում բժիշկները հեռացրել են ուռուցքը, սակայն դրա հետ մեկտեղ՝ ախտահարված մկանները եւ ոսկորները: Այդ ընթացքում ուռուցքը հասցրել էր տարածվել վերին ծնոտից դեպի այտ եւ գանգ: Կնոջ դեմքը վերականգնելու համար մասնագետների խումբն օգտագործել է նրա ուսի ոսկորը եւ մեջքի մկանները: Միեւնույն ժամանակ, նրա դեմքին որեւէ կտրվածք չեն արել:

Վիրահատությունից հետո 30-ամյա կինը կրկին սովորել է ուտել, խմել եւ խոսել: Նրա դեմքն ուռած ու դեֆորմացված էր: Սակայն դա խնդիրներից ամենափոքրն էր. վիրահատությունից 5 օր անց նա լուրջ բարդություն ունեցավ։ Դեմքի վերակառուցման համար տեղափոխված հյուսվածքները սկսեցին մահանալ: Այդ ժամանակ մասնագետները ստիպված էին կատարել եւս մեկ՝ այս անգամ 10 ժամ տեւողությամբ վիրահատություն, որի ընթացքում Ջենի ոտքից երակ փոխանցեցին գլուխ՝ փոխպատվաստված հյուսվածքներում առավելագույն արյան շրջանառություն ապահովելու համար:

Այդ վիրահատությունից հետո Ջենը սկսեց դանդաղ վերականգնվել: Այժմ, նրա կարծիքով, իր դեմքը դեռեւս մի փոքր «տարօրինակ» է նայվում, բայց նա, ամեն դեպքում, երախտապարտ է իր կյանքը փրկող բժիշկներին, ովքեր իր դեմքը վերականգնեցին հնարավորինս չափով։

Ջենը համացանցում տեղադրել է իր նկարների շարքը, որոնք արվել են վիրահատությունից հետո բուժման եւ վերականգնման ընթացքում:



© NEWS.am Medicine