Ո՞ր մարդիկ են առավել հաճախ բախվում ձմեռային դեպրեսիային

10:58   7 հունվարի, 2019

Ձմեռային դեպրեսիային մարդու ենթակա լինելը կարող է կապված լինել նրա աչքերի գույնի հետ: Այսպիսի անսպասելի եզրակացության են հանգել Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ աչքերի գույնը որքան մուգ է, այնքան մեծ է ձմեռային դեպրեսիայի զարգացման հավանականությունը:

Ենթադրաբար, ձմեռային դեպրեսիան առաջանում է մարդու օրգանիզմում սերատոնին եւ մելատոնին հորմոնների հաշվեկշռի խախտման ֆոնին: Լույսի պակասը կապված է մելատոնինի արտադրման մեծացման հետ, որի ավելցուկը նպաստում է քնկոտության եւ ապատիայի առաջացմանը: Նոր հետազոտության հեղինակները պարզել են, որ ձմռանն առավել հաճախ քնկոտությամբ են տառապում գորշ եւ կանաչ աչքերով մարդիկ, մինչդեռ մոխրագույն կամ կապույտ աչքեր ունեցողները այս խանգարմանն ավելի քիչ են ենթակա:

Հնարավոր է՝ պատճառն այն է, որ բաց գույնի աչքերը լույսի հանդեպ ավելի զգայուն են, քանի որ ավելի քիչ պիգմենտ են պարունակում: Լույսն ընկնելով այսպիսի աչքերի ցանցաթաղանթի վրա՝ ազդակներ է ուղարկում ուղեղի հիպոթալամուս, ինչն օրգանիզմին թույլ է տալիս ավելի լավ վերահսկել քնի հորմոնների սինթեզը:

Ի տարբերություն բաց գույնի աչքերով մարդկանց՝ մուգ գույնի աչքեր ունեցողները ավելի շատ լույսի կարիք ունեն, որպեսզի այն ցանցաթաղանթից ուղեղ գնացող ազդանշաններ արձակի: Հաշվի առնելով ձմռանը լույսի պակասը, դա էլ հենց խնդրահարույց է:



© NEWS.am Medicine