Կարո՞ղ է «սխտորային հմայիլը» պաշտպանել երեխային գրիպից

15:00   8 հունվարի, 2019

Մի քանի դպրոցներում եւ մանկապարտեզներում ուսուցիչները ծնողներին խորհուրդ են տալիս երեխաների համար այսպես կոչված «սխտորային հմայիլ» պատրաստել. նրանց խոսքով՝ «կինդեր սյուրպրիզի» տեսքով սխտորով հմայիլները երեխաներին ներսից պաշտպանում են գրիպից եւ ՍՇՎ–ից։


Իսկապես այդպե՞ս է

Այդքան էլ այդպես չէ, պնդում է մանկաբույժ Մարի Դարակչյանը։ Սոխն ու սխտորը, իհարկե, շատ օգտակար են առողջության համար, ավելին՝ ինչ–որ իմաստով դրանք իսկապես ինչ–որ հակավիրուսային հատկություններ ունեն, սակայն պետք չէ մտածել, որ եթե դրանք կախեք ձեր կամ երեխայի վզին, նրանք կկարողանան պաշտպանել գրիպով կամ ՍՇՎ–ով վարակվելուց։


Նման հմայիլների արդյունավետության ոչ մի գիտական ապացույց չկա, եւ դրանք չեն կարող կանխել վարակի հայտնվելը օրգանիզմում եւ չեն կարող ազդել այն բանի վրա, որ իմունիտետը հաղթահարի այդ վարակն ու չեզոքացնի այն։ Ուստի երեխայի վզից սխտորի հմայիլ կախելը ոչ մի իմաստ չունի, նույնիսկ եթե այն գեղեցիկ է ու ոճային է։

Եթե դուք ցանկանում եք իսկապես ձեզ եւ երեխային պաշտպանել գրիպից, անհրաժեշտ է ճիշտ սնվել, որպեսզի օրգանիզմը սննդից ստանա անհրաժեշտ վիտամիններ եւ միկրոտարրեր։ Բացի այդ, անհրաժեշտ է հաճախ օդափոխել շենքը, կանոնավոր լվանալ ձեռքերը եւ չշփվել հիվանդ մարդկանց հետ։
Հիվանդությունից եւ դրա հետ կապված բարդացումներից պաշտպանվելու եւս մեկ լավ միջոց է պատվաստումը։ ՍՇՎ–ից պատվաստանյութը չի պաշտպանի, բայց կապահովի գրիպի մի քանի շտամերից պաշտպանությունը, որոնք տարածված են այս սեզոնին։

Իսկ եթե դուք արդեն հիվանդացել եք, մի գնացեք դպրոց, մանկապարտեզ կամ աշխատանքի, բուժվեք տանը, իսկ անհրաժեշտության դեպքում դիմեք բժշկի։ Եթե հիվանդացել է երեխան, խորհուրդ է տրվում ամեն դեպքում խորհրդակցել բժշկի հետ, հատկապես եթե առկա են ուղեկցող հիվանդություններ։



© NEWS.am Medicine