Ալցհեյմերի հիվանդության դեպքում «մարզումների հորմոնը» հիշողությունը կարող է բարելավել

11:57   9 հունվարի, 2019

Իրիզին հորմոնը եւ նրա նախորդ սպիտակուց FNDC5-ը, որը մկաններում արտադրվում է ֆիզիկական վարժությունների ժամանակ, Ալցհեյմերի հիվանդության դեպքում հիշողությունը բարելավում է: Այս մասին նշված է Nature Medicine-ի նոր հրապարակման մեջ:

Հետազոտության հեղինակների՝ Բրազիլիայից, ԱՄՆ-ից եւ Կանադայից մասնագետների խոսքով, որոնց ղեկավարում է Ռիո դե Ժանեյրոյի համալսարանից Ֆերնանդա դե Ֆելիչեն, իրիզին հորմոնը բարելավում է սպիտակուցների սինթեզը հիպոկամպի նեյրոններում, ինչի շնորհիվ դադարում է ուղեղում բետա-ամիլոիդների կուտակման պրոցեսը եւ միանում է ազդանշանային ուղին, որն ազդում է հիշողության ձեւավորման վրա:

Պեպտիդային հորմոն իրիզինը խթանում է ճարպային հյուսվածքի քայքայման պրոցեսները: Այն ձեւավորվում է FNDC5 նախորդ սպիտակուցից, որը մկաններում եւ ուղեղում սինթեզվում է ֆիզիկական ակտիվության ժամանակ: Համենայնդեպս, այդպես է տեղի ունենում մարդու եւ մկների ուղեղում:

Գիտնականները հայտնաբերել են, որ երկար ժամանակ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց ուղեղում FNDC5-ը եւ իրիզինը 2 անգամ ավելի քիչ են սինթեզվում, քան առողջ մարդկանց ուղեղում: Երբ մկների հետ կատարած փորձերում գիտնականները կենդանիների ուղեղում անջատել են FNDC5 սպիտակուցի սինթեզը, նրանց հիշողությունը վատթարացել է, նվազել է նաեւ սովորելու ունակությունը (կրծողները վատ են կատարել նոր օբյեկտները ճանաչելու խնդիրները): Իսկ երբ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող կրծողներին իրիզին են ներարկել, հիշողության եւ սինապտիկ պլաստիկության ցուցանիշներն անմիջապես աճել են:

Գիտնականները հիշեցնում են, որ ֆիզիկական մարզումները նպաստում են հիշողությունը բարելավող իրիզին հորմոնի արտադրմանը FNDC5 նախորդ սպիտակուցի սինթեզի միջոցով:



© NEWS.am Medicine