ԱՄՆ-ում ո՞րն է սթրեսի ամենացածր մակարդակով ամենաբարձր վարձատրվող աշխատանքը

17:39   9 հունվարի, 2019

US News & World Report ամսագիրը հրապարակել է ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվող աշխատատեղերի ցուցակը: New York Post-ը հայտնում է, որ առողջապահության ոլորտն այս ցուցակում առաջատար դիրք է գրավել:

Այսպես՝ առավելագույն չափի աշխատավարձ են ստանում անեսթեզիոլոգները՝ տարեկան միջինը 265 990 դոլար: Հաջորդում են ընդհանուր պրոֆիլի վիրաբույժները (251 890 դոլար), բերանի եւ դիմածնոտային վիրաբույժները (242 740 դոլար), մանկաբարձները (235 240 դոլար) եւ օրթոդոնտները (229 380 դոլար): Միաժամանակ, նշված մասնագիտությունների ներկայացուցիչների մեծամասնության համար սթրեսի մակարդակը միջինից բարձր է եղել:

Սա հաշվի առնելով՝ փորձագետներին հետաքրքրել է, թե արդյոք գոյություն ունի՞ ամենաբարձր վարձատրվող աշխատանք՝ սթրեսի ցածր մակարդակով: Պարզվել է, որ միայն օրթոդոնտն է կարող պարծենալ բարձր աշխատավարձով եւ միաժամանակ սթրեսի միջինից ցածր մակարդակով: Դրանից բացի, այս մասնագիտության ներկայացուցիչները կարող են պահպանել աշխատանքի եւ անձնական կյանքի միջեւ հաշվեկշիռը: Եվս մեկ դրական կողմն է ճկուն աշխատանքային գրաֆիկ նախատեսելու հնարավորությունը:

Ավելի ցածր աշխատավարձով եւ սթրեսի միջին մակարդակով կարող են «պարծենալ» ատամնաբույժները (միջին աշխատավարձն է 151 440 դոլար), ակնաբույժները (110 300 դոլար), մաթեմատիկոսները (103 010 դոլար), ծրագրային ապահովման մշակողները (101 790 դոլար):

Փորձագետները նշում են, որ աշխատանքային սթրեսն անխուսափելի է, սակայն ավելի շատ բան ստանձնելու փորձը, քան կարող եք (ֆիզիկապես եւ/կամ զգայական առումով), կարող է իրավիճակը վատթարացնել: Զգայական առումով օգտակար է մշտապես չմտածել աշխատավայրում սթրեսային իրավիճակի մասին, այլ կենտրոնանալ աշխատանքից դուրս հաճելի բաների վրա, որպեսզի կյանքում որոշակի հաշվեկշռի հասնեք:

Կարիերայի հարցերով ռազմավար եւ մարզիչ Կարլոտա Ցիմերմանի (Carlota Zimmerman) կարծիքով՝ աշխատավայրում սթրեսի հաղթահարմանը կօգնեն առաջին հայացքից այնպիսի մանրուքները, ինչպես զբոսանքը, մարզադահլիճ այցելելը կամ YouTube-ով զվարճալի տեսանյութի դիտումը:



© NEWS.am Medicine