Երեխան մորը փրկել է անորեքսիայից

11:50   10 հունվարի, 2019

26-ամյա Ջեյդ Քայլը կարողացել է հաղթահարել անորեքսիան՝ իր առաջնեկի շնորհիվ:

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, Ջեյդը տառապել է անորեքսիայով 14 տարեկանից: Նրա օրական սննդակարգը բաղկացած է եղել խնձորից եւ երկու շիշ Pepsi-ից: Ընդհանուր առմամբ, նա օրական սպառել է 100 կալորիայից պակաս: Մայրն իր դստեր ծանր վիճակի մասին միայն մի քանի ամիս անց է իմացել, երբ պատահաբար գտել է պայուսակը, որտեղ Ջեյդը թաքցրել էր իբր կերած սնունդը:

Բժիշկները նյարդային անորեքսիա են հայտնաբերել աղջկա մոտ: Բացի քաշի կտրուկ կորուստը, Ջեյդի մոտ դաշտանադադար է եղել: Նա այնքան հյուծված էր, որ կարող էր տեղափոխվել միայն սայլակով, իսկ մայրը նրան գրկած էր տանում քնելու։ Աղջկա օրգանիզմն այնքան էր թուլացել, որ սրտի նոպա էր տարել:

Երկարամյա բուժում անցնելուց հետո աղջիկը որոշել է երեխա ունենալ, սակայն իր փեսացուից հղիանալու չորս տարիների անհաջող փորձերից հետո Ջեյդը հուսահատված վերադարձել է սննդից հրաժարվելու իր հին սովորությանը: Արդյունքում, նրա մոտ նորից զարգացել է անորեքսիա, իսկ նրա քաշը նվազել է սահմանային կետի:

Չնայած հիվանդությանը՝ աղջկան, ի վերջո, հաջողվել է հղիանալ: «Դա իսկական հրաշք էր: Համոզված լինելու համար, որ երեխան ճիշտ է զարգանում, բժիշկները ստիպված են եղել հղիության ամբողջ ընթացքում ուլտրաձայնային հետազոտություն անցկացնել»,- պատմում է Ջեյդը:

Երկար սպասված հղիությունը ստիպել է աղջկան վերանայել իր կյանքը եւ վերջապես սկսել ճիշտ սնվել, որպեսզի քաշ հավաքի։ Ջեյդն առողջ աղջիկ է ունեցել եւ շարունակում է հետեւել իր առողջությանը: «Իմ օրինակով ուզում եմ ցույց տալ, որ թունելի վերջում լույս կա: Իմ աղջիկը փրկեց ինձ»,- ասել է նա:



© NEWS.am Medicine