Վրաստանում խոզի գրիպն արդեն 13 կյանք է խլել

09:31   10 հունվարի, 2019

А H1N1 գրիպը, որը ժողովուրդն անվանում է խոզի գրիպ, Վրաստանում արդեն 13 կյանք է խլել: Վերջին տեղեկություններով՝ Վրաստանում H1N1-ի լաբորատոր հետազոտությամբ հաստատված դեպքերի թիվը հասել է մինչեւ 162-ի:

Ինչպես հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն, H1N1 վիրուսի կասկածանքով հոսպիտալացվել է 640 պացիենտ, որոնցից 39-ը վերակենդանացման բաժանմունքում են:

Նախարարի խոսքով՝ հիվանդացությունը սկսել է մի փոքր նվազել, սակայն բժշկին դիմած եւ ժամանակին բուժում սկսած մարդկանց միայն 45 տոկոսն է այդպես վարվել առաջին 2 օրում: Նա քաղաքացիներին կոչ է արել իրենց կամ մերձավորների մոտ գրիպի ախտանշաններ նկատելու դեպքում անմիջապես բժշկի դիմել, որպեսզի ճիշտ բուժում ստանան:

Վրաստանի Առողջապահության նախարարությունը գրիպով հիվանդացության դեպքերի հաճախակիացման պատճառով որոշել է, որ երկրի ուսումնական հաստատությունների աշխատանքը կվերականգնվի հունվարի 18-ին, այլ ոչ թե 14-ին, ինչպես նախատեսված էր նախկինում:

Երկրի Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկման ազգային կենտրոնի գիտական ղեկավար Պաատա Իմնաձեն նշել է, որ գիրպի դեմ պատվաստվել կարելի է նաեւ հիմա, սակայն պետք է հիշել, որ վիրուսի նկատմամբ իմունիտետը մշակվում է պատվաստվելուց հետո միայն 2 շաբաթ անց:

Նա նաեւ հիշեցրել է, որ փետրվարին մասնագետները սպասում են վիրուսի տարածման հաջորդ ալիքին:

Հիշեցնենք, որ Հայաստանում, պաշտոնական տեղեկությունների համաձայն, հայտանաբերվել է A H1N1 գրիպի լաբորատոր հետազոտությամբ հաստատված 10 դեպք: Դրա հետեւանքով մահվան դեպքեր չեն գրանցվել:



© NEWS.am Medicine