Բազմաթիվ են խնդիրները, ֆինանսավորումը բավարար չէ. «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկան նոր տնօրեն ունի

18:56   10 հունվարի, 2019

Այսօր «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում շատ են ինչպես փոքր, այնպես էլ մեծ խնդիրները, եւ դրանց լուծման համար քիչ ժամանակ չի պահանջվելու: Անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ եւ բարեփոխումներ, որոնց արդյունքները կարելի կլինի գնահատել միայն մեկ-մեկուկես տարի հետո: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է Սերգեյ Խաչատրյանը, ով 2018 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է «Հոգեկան առողջության պահմանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն («Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա):

Նրա խոսքերով, «Նուբարաշենը» ունի անհարժեշտ ամեն ինչ, որպեսզի մի օր իսկապես դառնա հոգեկան առողջության պահպանման համար ազգային կենտրոն, ինչպես որ հռչակում է նրա պաշտոնական անվանումը: Բայց խնդիրները, որոնք պետք է լուծվեն այս ճանապարհին, իսկապես բազմաթիվ են՝ ենթակառուցվածքայինից եւ կազմակերպչականից մինչեւ կադրային եւ ֆինանսական: Օրինակ՝ կենտրոնի մասնաշենքերի միջեւ հեռախոսային կապ չկա, ինչը բացասաբար է անդրադառնում աշխատանքի արդյունավետության վրա: Կլինիկայի ղեկավարությունն այժմ փորձում է ապահովել բոլոր շենքերը հեռախոսակապով եւ ռադիոկապով: Բացի այդ, արդեն որքան ժամանակ է կոյուղային համակարգը չի աշխատում։ Այսօր մի քանի մասնագետներ են այցելել կենտրոն`պարզելու համար, թե ինչպիսի վերանորոգման կարիք կա, որպեսզի կենտրոնի բոլոր մասնաշենքերը պատշաճ կերպով գործող կոյուղագծեր ունենան:

Առկա խնդիրների մեծ մասի հիմքում փողն է, սակայն պետության կողմից հատկացված ֆինանսավորումը բավարար չէ ամեն ինչի համար: Հնարավոր է, որ ապագայում կենտրոնում վճարովի ծառայություններ ի հայտ գան, որոնք կօգնեն լրացուցիչ միջոցներ ներգրավել, սակայն այս հարցը դեռեւս քննարկման փուլում է:

Մինչեւ հոգեբուժական կլինիկայի ֆինանսավորման ծավալները կմեծանան, հասարակությունը կարող է կլինիկային օգնության հասնել՝ օրինակ, հիվանդների համար տաք հագուստի եւ կոշիկների հավաքագրում կազմակերպելով:

Ինչպես նշել է Սերգեյ Խաչատրյանը, հիվանդները հաճախ են գնում կենտրոնի տարածքում զբոսնելու, բայց ձմռանը դա վերածվում է իրական խնդրի, քանի որ ոչ բոլորը տաք հագուստ եւ կոշիկ ունեն: Իհարկե, որոշ հիվանդների հարազատներ մշտապես կապ են պահում նրանց հետ եւ ապահովում նրանց այն ամենով, ինչ անհրաժեշտ է, բայց կան նաեւ հիվանդներ, որոնք ոչ ոք չունեն, կամ որոնց ընտանիքներն աղքատ են: Եթե հանրությունը կարողանա նման մարդկանց տաք հագուստով ապահովել, մաքուր օդին զբոսանքները զգալիորեն կբարձրացնեն նրանց կյանքի որակը:

Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը, ըստ Սերգեյ Խաչատրյանի, կենտրոնում կան խոստումնալից երիտասարդ մասնագետներ, եւ կան փորձառու տարեցներ, որոնցից ոմանք ստիպված կլինեն թոշակի անցնել: Բայց նրանց հետ կապը դրանից հետո չի կտրվի:

«Թոշակառուներին մենք հրաժեշտ չենք տա: Մենք փորձում ենք գտնել նրանց հետ համագործակցելու ուղիներ՝ նրանց ներգրավելով երիտասարդ մասնագետների վերապատրաստման մեջ: Այդպես են վարվում բոլոր բժշկական հաստատություններում․ երիտասարդները պետք է գան եւ սովորեն մեծահասակներից, մեծահասակները պետք է անցնեն թոշակի», - նշել է Սերգեյ Խաչատրյանը։



© NEWS.am Medicine