Հազվագյուտ խանգարմամբ կինը տղամարդկանց ձայները չի լսում (ֆոտո)

17:22   11 հունվարի, 2019

Չինաստանի հանգստավայրային Սյամին քաղաքից կինը բախվել է լսողության հազվագյուտ խանգարման. նա չի կարողանում լսել տղամարդկանց ձայները, բայց կանացի ձայները լսում է:

Լսողության հետ կապված խնդիրը հանկարծակի է առաջացել. կինը, որի միայն ազգանունն է հայտնի՝ Չեն, մի օր առավոտյան արթնացել է ու հասկացել, որ ընկերոջ ձայնը չի լսում, որը փորձում էր նրան ինչ-որ բան ասել:

Վախեցած կինը դիմել է հիվանդանոց, եւ բժիշկները փորձել են պարզել նրա խլության պատճառը: Չենն արդեն հիվանդանոցում հասկացել է, որ լսում է իգական սեռի բժիշկների ձայները, բայց տղամարդ բժիշկներին չի լսում:

Չինուհու մոտ մասնագետներն ախտորոշել են ցածր հաճախականության լսողության կորուստ, ընդ որում՝ նրա մոտ պահպանվել է բարձր հաճախականության ձայները տարբերակելու ունակությունը: Այս դեպքն իսկապես հետաքրքիր է, քանի որ ավելի հաճախ հանդիպում են լսողության խանգարումներ, որոնց դեպքում մարդը լսում է ձայնի ցածր տոնը, իսկ բարձրը՝ ոչ:

Լսողության կորուստի այսպիսի անսովոր ձեւերի զարգացման պատճառները գիտությանն անհայտ են, բայց ենթադրվում է, որ լսողության կորուստ կարող է լինել սթրեսի պատճառով կամ գենետիկ արմատներ ունենալ:

Հայտնի է դարձել, որ տեղի ունեցածից մեկ օր առաջ չինուհին տառապել է սրտխառնոցով եւ ականջներում զնգոցով, բայց նա դրան հատուկ նշանակություն չի տվել: Կինը համոզված էր, որ լավ եւ երկարատեւ քունն իրեն կազատի բոլոր խնդիրներից: Հենց այն բանից հետո, երբ Չենը լիարժեք քնել է, նա հասկացել է, որ ընկերոջ ձայնը չի լսում:

Ցածր հաճախականության լսողության կորուստը բավականին խնդրահարույց է ախտորոշել, քանի որ ահռելի թվով բժիշկներ, ներառյալ անգամ փորձառու օտոլարինգոլոգները դրա գոյության մասին երբեք չեն լսել: Իսկ շատ ավելի բարդ է այն բուժելը, քանի որ ավանդական լսողական սարքերը չեն օգնում, քանի որ դրանք սովորաբար հաշվարկված են բարձր հաճախականության ձայները որսալու համար:



© NEWS.am Medicine