Հիփոթիրեոզը Հայաստանում տարածված խնդիր է՝ պայմանավորված վահանագեղձի հորմոնների երկարատեւ, կայուն անբավարարությամբ։ Հիփոթիրեոզի ժամանակ անհրաժեշտ է ընդունել բժշկի կողմից նշանակված դեղերը, ինչպես նաեւ հետեւել սնվելու որոշ կանոնների, որոնք կբարելավեն կյանքի որակը։
Ճարպոտ մթերքների մեծ քանակությամբ օգտագործումը վատթարացնում է հիփոթիրեոզի ընթացքը, չէ՞ որ մետաբոլիզմի արագությունը պացիենտի օրգանիզմում առանց այդ էլ դանդաղեցված է։ Բացի այդ, յուղալի մթերքները հանգեցնում են ավելորդ քաշի առաջացմանը։ Հիփոթիրեոզի դեպքում խորհուրդ է տրվում սահմանափակել կարմիր մսի, տապակած մթերքների, կարագի, շաքարի, յուղալի կաթի եւ մայոնեզի օգտագործումը։
Կանաչ թեյը կարող է օգնել արագացնելու նյութափոխանակությունը, որը, ինչպես արդեն վերը նշվեց, հիփոթիրեոզի ժամանակ դանդաղում է։ Բացի այդ, կանաչ թեյն օգնում է վերահսկել քաշը։
Ընկույզը սելեն է պարունակում, որը շատ կարեւոր է վահանագեղձի բնականոն գործունեության համար։ Բացի այդ, ընկույզի մեջ շատ օգտակար ճարպաթթուներ կան։ Բայց մի մոռացեք, որ ընկույզի կալորիականությունն էլ է շատ։
Բանջարեղենը նույնպես արագացնում է մետաբոլիկ պրոցեսներն օրգանիզմում։ Փորձեք էլ ավելի շատ ընդեղեն ու լոբի օգտագործել, որոնք հարուստ են մկանաթելերով եւ միաժամանակ քիչ կալորիաներ են պարունակում, ինչպես նաեւ խաչածաղկավորներ՝ կաղամբ ու բրոկոլի։
Ցանկալի է կերակրացանկում ավելացնել հակաօքսիդանտներ պարունակող մթերքներ՝ գազար, լոլիկ, կարմիր ու դեղին պղպեղներ, ինչպես նաեւ հատապտուղներ։ Մետաբոլիզմի դանդաղումը հանգեցնում է օքսիդատիվ սթրեսի եւ մեծ քանակությամբ ազատ ռադիկալների գոյացման, իսկ հակաօքսիդանտները հարկավոր են հենց դրանց դեմ պայքարելու համար։