Կրծքով կերակրելն օգտակար է մոր սրտի համար

13:14   14 հունվարի, 2019

Գիտնականները նշել են կրծքով կերակրելու առավելությունը: Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի ուսումնասիրության համաձայն, կրծքով կերակրելը դրական ազդեցություն ունի մոր սրտի վրա, ինչպես նաեւ նվազեցնում է խոլեստերինի մակարդակը եւ կայունացնում արյան ճնշումը:

Միաժամանակ մասնագետները նշում են, որ մայրական առողջության վրա նման բարենպաստ ազդեցության պատճառները դեռեւս ամբողջությամբ չեն բացահայտվել: Հնարավոր է, որ դրական փոփոխությունները կարող են կապված լինել օքսիտոցին հորմոնի արտազատման հետ, որը հանգստացնում է արյան անոթների հարթ մկանները:


Նյու Յորքի համալսարանին կից Կանանց առողջության բժշկական կենտրոնի սրտաբան Նիյա Հոլդբերգը (Nieca Goldberg) նշում է, որ շատ կանայք հղիության ընթացքում առողջ ապրելակերպ են վարում: Մեկ այլ ակնհայտ առավելություն է կրծքով կերակրման ժամանակ կալորիաների այրումը, ինչը նույնպես դրական է անդրադառնում սրտի եւ անոթների վրա:


Մանկաբույժների ամերիկյան ակադեմիան խորհուրդ է տալիս փոքրիկին բացառապես կրծքով կերակրել առաջին վեց ամիսների ընթացքում: Իսկ հետո, մինչեւ երեխայի կյանքի առաջին տարվա ավարտը դուք կարող եք համատեղել մայրական կաթն այլ սնունդով:


Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան նաեւ նշում է, որ կրծքով կերակրումը նպաստում է հղիության ընթացքում կուտակված մոր մարմնի ճարպային պաշարների այրմանը: Բժիշկները խորհուրդ են տալիս կրծքով կերակրել այն կանանց, որոնց մոտ հղիության ընթացքում հայտնաբերվել են այնպիսի բարդություններ, ինչպիսիք են, օրինակ, պրեկլամպսիան կամ գեստացիոն դիաբետը: Սա կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ նրանց առողջության վրա, քանի որ վերոնշյալ բարդությունները կարող են մեծացնել հետագայում սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը:



© NEWS.am Medicine