Երեք տարեկան աղջիկը դուրս է գրվել հիվանդանոցից՝ անցկացնելով ինտենսիվ թերապիայի բաժանմունքում 1221 օր (ֆոտո)

16:40   20 հունվարի, 2019

Փոքրիկ Զարիա Դոնովան վերջապես դուրս է գրվել տուն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում 1221 օր (3 տարի եւ 4 ամիս) բուժվելուց հետո:

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, աղջիկը ծնվել է 2015 թվականի սեպտեմբերին: Ծննդաբերությունը վաղաժամ էր՝ հղիության 23-րդ շաբաթում: Ընտանիքին հաջողվել էր երեխայի բուժումը ստանալ Օհայոյի Մանկական ազգային հիվանդանոցում, որը տեղակայված է տնից 1700 մղոն հեռավորության վրա: Այդ պատճառով Զարիայի հայրը ստիպված էր թողնել աշխատանքն ու տեղափոխվել Օհայո, մինչդեռ նրա մայրը մնացել էր Յութա նահանգում ավագ դստեր հետ:

Ծնողները խոստովանում են, որ չէին հավատում, որ Զարիան կնշի իր առաջին տարելիցը. հոսպիտալացման պահին նա կշռում էր մոտ 400 գրամ: Բժիշկները նախազգուշացնում էին, որ մեծ է ցկյանս հաշմանդամության, տեսողության խնդիրների եւ զարգացման խանգարումների ռիսկը:

Երեք շաբաթական հասակում աղջիկը սրտի բաց վիրահատություն է տարել: Ընդհանուր առմամբ, նրան 12 անգամ արյան փոխներարկում են կատարել: Նա ունեցել է թոքաբորբ, սեպսիս, 2016 թվականի ապրիլին նրա մոտ ախտորոշել են բրոնխոթոքային դիսպլազիա (զարգանում է վաղաժամ ծնված երեխաների մոտ): Բժիշկներն ապրելու նրա շանսերը հավասարեցնում էին զրոյի, սակայն բուժումը տվեց դրական արդյունք:

Վերջապես, ինտենսիվ թերապիայի բաժանմունքում 1221 օր բուժումից հետո, Զարիան դուրս է գրվել տուն: Երեխան պետք է մշտապես գտնվի բժշկական վերահսկողության ներքո, սակայն մտերիմները չեն հուսալքվում, չէ որ երեք տարվա ընթացքում առաջին անգամ ընտանիքը միասին կապրի:

Source: The Daily Mail

Photos: Facebook

 



© NEWS.am Medicine