Ինչպե՞ս է ագրեսիվ ֆիլմերի դիտումն ազդում երեխաների հոգեբանության վրա

18:44   21 հունվարի, 2019

Շատերը համոզված են, որ բռնության տեսարաններով ֆիլմերը ագրեսիվ վարքագիծ են հրահրում: Սակայն վերջին հետազոտությունները վկայում են, որ դա այդպես չէ:

Stetson University-ի գիտնականները հետաքրքիր հետազոտություն են կատարել, որի ընթացքում գնահատել են դեռահասների համար նախատեսված ֆիլմերում դաժանության աստիճանը (վարկանիշը՝ PG-13, մինչեւ 13 տարեկանը դիտումը ցանկալի չէ): Պարզվել է, որ 1985  թվականից 2015 թվականը այս վարկանիշով ֆիլմերում ավելի շատ են հայտնվել բռնության տեսարաններ, սակայն այս ժամանակահատվածում սպանությունների եւ ագրեսիվ վարքագծի փաստերի ցուցանիշները նվազել են:

Գիտնականների խոսքով՝ կարող է թվալ, որ երեխաները կցանկանան կինոյում տեսածը վերստեղծել: Սակայն գործնականում խաղը չի վերաճում իսկական բռնության, ծաղրի եւ հարձակումների:

Ճիշտ է, այս եզրահանգմանը համաձայն չէ Փենսիլվանիայի համալսարանի Դեռահասային հաղորդակցության ինստիտուտի ղեկավար Դեն Ռոմերը: Նրա խոսքով՝ հավաքված տվյալները թույլ չեն տալիս համարժեք եզրակացություններ կատարել այն մասին, թե ինչպես է ագրեսիվ ֆիլմերի դիտումն ազդում երեխաների ու դեռահասների վարքագծի վրա:

Մյուս կողմից՝ վաղուց է հայտնի, որ մեդիայում բռնությունը սկզբունքորեն ունենում է բռնության հանդեպ զգայունության նվազման արդյունք: Այսինքն՝ հանդիսատեսը պարզապես դադարում է ուշադրությունը դրա վրա կենտրոնացնել: Ընդհանրապես նման կարգի կոնտենտը երեխային սովորեցնում է, որ աշխարհն ավելի ագրեսիվ է, քան իրականում է: Ի դեպ, երեխաների մեծ մասը, ինչպես նշում են անկախ փորձագետները, արձագանքում են վախին, այլ ոչ թե ագրեսիային:



© NEWS.am Medicine