Եզակի վիրահատություն. Վիրաբույժները քաղցկեղով ախտահարված լեզուն վերականգնել են նախաբազկի հյուսվածքներով

13:01   22 հունվարի, 2019

Ռուս վիրաբույժներն իրականացրել են քաղցկեղով ախտահարված լեզվի վերականգնման եզակի վիրահատություն:

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Պրիմորյան Ախտարսկ քաղաքից պացիենտը ատամնաբույժին էր դիմել՝ գանգատվելով, որ արդեն կես տարի լեզվի վրա եւ ստորին միջնապատին ցավ է զգում, ինչի հետ կապված դժվարությամբ է խոսում եւ սնունդ ընդունում: Նրա մոտ ախտորոշվել էր լեզվի քաղցկեղ, որը գտնվում էր 3-րդ փուլում, եւ վիրահատություն է նշանակվել:

Վիրաբուժական միջամտության ժամանակ հեռացրել են տղամարդու լեզվի 2/3-ը, որն ախտահարվել էր չարորակ ուռուցքով, եւ նույն պահին վերականգնել են նախաբազկի հյուսվածքներով: Վիրահատությունն ընդհանուր 6 ժամ է տեւել:

Բերանի խոռոչի չարորակ նորագոյացություններով հիվանդացությունը պայմանավորված է կենցաղային սովորություններով, սնունդով, արտաքին միջավայրի ազդեցությամբ: Հիմնական բաժինը՝ 65 տոկոս, լեզվի ուռուցքներն են, այնուհետեւ հաջորդում են այտերի լորձաթաղանթի ուռուցքները (12,9 տոկոս), բերանի խոռոչի հատակի ուռուցքները (10,9 տոկոս): Տղամարդկանց մոտ բերանի խոռոչի քաղցկեղը 5-7 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց մոտ, ընդ որում՝ հիվանդացության բարձրակետը 60-70 տարեկանում է:

Ռիսկի գործոններ են համարվում, մասնավորապես, ալկոհոլի չարաշահումը, ծխելը, վնասակար արտադրությունում աշխատելը:



© NEWS.am Medicine