Վուդուի զոհը. Հիվանդ տղայի հետ շփումն արգելում են չար հոգիների նզովքի պատճառով (ֆոտո)

10:38   23 հունվարի, 2019
Զիմբաբվեի Մուրեւա քաղաքից 4-ամյա Սիմբարաշ Դանդեն ստիպված է մեկուսացման մեջ ապրել այն պատճառով, որ հարեւանները նրա ուռուցքն ընդունում են որպես չար հոգիների նզովք:

The Daily Mail-ը հայտնում է, որ տղայի դեմքին, ում տեղի բնակիչները «հրեշ» են անվանում, աճել է գնդակի մեծության ուռուցք: Ծնողները սկզբում քթի վրայի ուռուցքը գորտնուկ էին համարում, սակայն այն սկսել է աճել՝ խեղելով Սիմբարաշի դեմքը: Ուռուցքի պատճառով նա չի կարողանում կոշտ կերակուր ուտել եւ շնչառական խնդիրներ ունի: Դրանից բացի, երեխան նիհարել է եւ տանջվում է ամենօրյա ուժգին ցավերից:

Զիմբաբվեում բժիշկները նշել են, որ այս ուռուցքը նախկինում անհայտ տեսակի է եւ կարող է Սիմբարաշին ցանկացած պահի սպանել:

Տղայի հարեւանները կարծում են, որ նա վուդուի զոհն է դարձել, եւ իրենց երեխաներին արգելում են նրա հետ շփվել: Այս պատճառով Սիմբարաշը ստիպված է ապրել լիակատար մեկուսացման մեջ:

Սիմբարաշից բացի, ընտանիքում եւս 3 երեխա կա: Ընտանիքն աղքատ է, եւ հիմա ծնողները փորձում են Հարավային Աֆրիկայում վիրահատելու համար փող հավաքել GoFundMe քրաուդֆանդինգային հարթակի միջոցով:

Source: The Daily Mail

Photos: Caters News Agency



© NEWS.am Medicine