Բերանի մեջ գտնվող մանրէն կարող է առաջացնել Ալցհեյմերի հիվանդություն․ ուսումնասիրություն

17:28   25 հունվարի, 2019

Մանրէն, որը գտնվում է բերանում եւ առաջացնում է լնդերի եւ ատամին մերձ հյուսվածքների հիվանդություն, կարող է որոշիչ դեր խաղալ Ալցհեյմերի հիվանդության զարգացման գործում։ Այս մասին ասվում է Science Advances-ի վերջին համարում:

Porphyromonas gingivalis մանրէն լնդերի հիվանդության եւ ատամների կորստի հիմնական պատճառներից է: Այն կարող է նաեւ վնաս հասցնել զարկերակներին: Նախկինւոմ արդեն ենթադրվել էր, որ այս մանրէն կարող է որոշակի դերակատարություն ունենալ Ալցհեյմերի հիվանդության զարգացման մեջ, իսկ նոր հետազոտությունը, որն անցկացրել է գիտնականների միջազգային խումբը, հաստատել է այդ ենթադրությունը։

Գիտնականները անալիզի են ենթարկել ուղեղային հյուսվածքները, ողնուղեղի հեղուկը եւ թուքը՝ ինչպես մահացած, այնպես էլ ողջ հիվանդների մոտ, որոնց մոտ հայտնաբերվել է կամ ենթադրվել է, որ առկա է Ալցհեյմերի հիվանդությունը: Ուսումնասիրված նմուշներում հայտնաբերվել են գինգիպաիններ թունավոր ֆերմենտները, որոնք առաջացնում են P. gingivalis մանրէները, ինչպես նաեւ այդ մանրէների ԴՆԹ-ն:

Ավելին, գիտնականները գտել են, որ մկների մոտ այս վարակը տարածվում է բերանից դեպի գլխուղեղ, իսկ գինգիպաինը ոչնչացնում է ուղեղի նեյրոնները:

Բայց կա նաեւ լավ նորություն. գիտնականները ստուգել են գինգիպաինն արգելափակող դեղամիջոցները եւ պարզել, որ դրանք կարող են կասեցնել նյարդոդեգեներատիվ հիվանդությունների զարգացումը: Երբ նման դեղամիջոցն սկսել են ավելացնել մկների սննդին, պարզվել է, որ այն շատ արդյունավետ կերպով բուժում է ուղեղի վարակները, որոնք առաջացել են P. gingivalis մանրէների կողմից, ինչպես նաեւ կանխել է հիշողության համար պատասխանատու նեյրոնների կորուստը:

Գիտնականների խումբը նաեւ մշակել է COR388 անունով նոր դեղամիջոցը, որն ավելի լավ է ներթափանցում կենտրոնական նյարդային համակարգ, եւ ոչ հեռավոր ապագայում կարող է հիմք դառնալ մարդու մոտ Ալցհեյմերի հիվանդության բուժման համար:



© NEWS.am Medicine