Ուղեղով միացած սիամական երկվորյակները բարդ վիրահատություն են տարել, որը կարող էր մահացու լինել (ֆոտո)

14:05   25 հունվարի, 2019

Հյուսիսային Կարոլինայից Էրին եւ Էբբի Դելանիները սիամական երկվորյակների անջատման ամենավտանգավոր վիրահատություններից մեկն են տարել, որը կարող էր նրանց համար կյանք արժենալ:

The Daily Mail-ը հայտնում է, որ վիրահատությունը տեւել է 11 ժամ եւ այժմ՝ 1,5 տարի անց, մասնագետները լավատեսությամբ հետեւում են նրանց զարգացմանը: Վիրաբուժական միջամտության հաջողությունը ոգեշնչում է ոչ միայն ծնողներին, այլեւ բժիշկներին, քանի որ, նրանց կարծիքով, տվյալ վիրահատությունը վիրաբուժության ամենահեռանկարային ձեռքբերումներից մեկը դառնալու հնարավորություն ունի:

Բանն այն է, որ որոշ մեթոդներ առաջին անգամ էին կիրառվել եւ վիրաբույժները չգիտեին, թե ինչպիսին կլինեն երկվորյակների առողջության համար հետեւանքները:

Աղջիկները ծնվել են 2016 թվականի հուլիսի 24-ին  կեսարյան հատման եղանակով:  Նրանք միացած էին գանգի հատվածներով: Սիամական երկվորյակների մոտ նման միացումը շատ հազվադեպ է հանդիպում՝ 2-6 տոկոս դեպքերում: Նրանց անջատման վիրահատությունն անցել է 2017 թվականի հունիսի 7-ին, երբ փոքրիկները 11 ամսական էին: Դրանով իսկ նրանք դարձել են ամենաերիտասարդ կրանիոպագ երկվորյակները, որոնք տարել են նման վիրահատական միջամտությունը:

Վիրահատությունից հետո ուղեղի վերականգնման համար երեխաներին մեկ շաբաթով մեդիկամենտոզ կոմայի մեջ են գցել:

Փոքրիկների ապաքինումը տարբեր կերպ է ընթացել: Էրինի համար վիրահատությունն ավելի թեթեւ է եղել, իսկ Էբբին ստիպված է եղել ուղեղի արյունազեղման եւ տաբեր ինֆեկցիաների եւ բարդությունների հետ պայքարել:

Տվյալ պահին երկու երեխաները ֆիզիկական եւ խոսքային թերապիա են անցնում: Վիրաբույժներն իրենց կողմից լավատեսությամբ հետեւում են նրանց ապաքինմանը եւ վերականգնմանը:

Source: The Daily Mail

Photos: Children's Hospital of Philadelphia, Delaney Twins/Facebook



© NEWS.am Medicine