Ինչո՞ւ չեք կարողանում նիհարել. 5 հավանական պատճառ

12:07   27 հունվարի, 2019

Շատերը պնդում են, որ քիչ են ուտում, բայց չգիտես ինչու չեն նիհարում։ Ինչո՞ւ։ Փորձենք պարզել, թե որն է խնդիրը։

Դուք կալորիաներ եք «խմում»

Կալորիաներ պարունակվում են ոչ միայն ուտելիքի, այլեւ ըմպելիքի մեջ, բայց շատերը դա չեն հասկանում։ Քաղցր գազային ըմպելիքներում, ոգելից խմիչքներում եւ անգամ բնական հյութերում շատ կալորիա կա, բայց շատերը, չմտածելով դրա մասին, ուտելիքն ուղեկցում են դրանք խմելով եւ զարմանում են, որ չեն նիհարում։

Շատ քիչ եք ուտում

Նիհարելուն ձեզ կարող է խանգարել ոչ միայն շատ, այլեւ քիչ ուտելը. եթե դուք կանոնավորապես քիչ եք ուտում, մետաբոլիզմը ձեր օրգանիզմում դանդաղում է, իսկ կալորիաներից շատերը վերածվում են ճարպի։Եթե ուզում եք նիհարել, չի կարելի սոված մնալ եւ հրաժարվել սննդից. հարկավոր է սնվել չափավոր՝ նախապատվությունը տալով առողջ սննդին։

Դուք սնվում եք չգիտակցված ձեւով

Մեզնից շատերը մի պատառ ծամում են աշխատանքի կամ հանգստի ժամանակ՝ անգամ չգիտակցելով դա։ Անգամ եթե սնվում եք առողջ սննդով՝ ընկույզ, չիր եւ այլն, նրանք, միեւնույն է, կալորիաներ են պարունակում, եւ եթե դրանցից շատ ուտեք, կարող եք աննկատելիորեն օրական 500 եւ անգամ 1000 ավելորդ կալորիա կուտակել։

Լավ չեք քնում

Կիսատ քունը գեղեցիկ մարմնի ամենավատ թշնամին է։ Եթե կանոնավորապես քնի կարոտ եք մնում, դա ազդում է ե՛ւ ձեր ինքնազգացողության, ե՛ւ նյութափոխանակության, ե՛ւ ախորժակի վրա։

Ինչ-որ հիվանդություն ունեք

Որոշ հիվանդություններ նույնպես կարող են ազդել ձեր քաշի վրա, ուստի, եթե ամեն ինչ ճիշտ եք անում, բայց չեք նիհարում, դիմեք բժշկի. գուցե վահանագեղձի, ենթաստամոքսային գեղձի կամ մեկ այլ օրգանի ու համակարգի խնդիր ունեք։



© NEWS.am Medicine