Հոռետեսությունը նպաստում է շաքարային դիաբետի զարգացմանը

17:34   29 հունվարի, 2019

Ստացվում է, որ շաքարային դիաբետի զարգացման համար ռիսկային գործոններ կարող են լինել ոչ միայն անառողջ ապրելակերպը, այլ նաեւ բնավորության վատ կողմերը: Դա են վկայում «Կանանց առողջության նախաձեռնություն» (Women’s Health Initiative) ամերիկյան հետազոտության տվյալների հիման վրա ուսումնասիրության արդյունքները:


Գիտնականներին հետաքրքրում էր՝ արդյոք բնավորության բացասական կողմերը կարող են կապված լինել կանանց 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման հետ՝ դաշտանադադարից հետո: Հետազոտության մեջ ընդգրկված էին 50-79 տարեկան 139 924 կանայք, որոնք գտնվում էին հետդաշտանադադարի շրջանում եւ ովքեր ուսումնասիրության սկզբում շաքարային դիաբետ չունեին:


14 տարիների ընթացքում 19240 փորձարկում անցածների շրջանում ախտորոշվել է 2-րդ տիպի շաքարային դիաբետ: Միեւնույն ժամանակ պարզվել է, որ լավատեսորեն տրամադրված կանանց մոտ շաքարային դիաբետի զարգացման վտանգը 12% -ով ցածր է: Իսկ ահա արտաքին աշխարհին թշնամորեն տրամադրված կանանց մոտ այս հիվանդության զարգացման հավանականությունը ընդհակառակը՝ ավելի բարձր էր: Հատկանշական է, որ ագրեսիվ, բայց ճարպակալմամբ տառապող կանանց դեպքում այդ կապն այնքան էլ հստակ չի եղել:


Այսպիսով, հոռետեսությունը, թշնամանքը եւ կյանքի հանդեպ բացասական վերաբերմունքը ռիսկային գործոններ են կանանց մոտ շաքարային դիաբետի զարգացման համար՝ դաշտանադադարից հետո:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Menopause ամսագրում:



© NEWS.am Medicine