«Հագեցածության հորմոնը» նվազեցնում է Ալցհեյմեր հիվանդության զարգացման  վտանգը

23:45   30 հունվարի, 2019

Խոլեցիստոկինին հորմորնը, որն ազդում է մարդու սննդային վարքագծի վրա, կարող է նվազեցնել Ալցհեյմեր հիվանդության զարգացման  վտանգը: Նման եզրակացության են եկել Այովայի համալսարանի գիտնականները:

Խոլեցիստոկինինը հագեցածության զգացում է առաջացնում եւ վերահսկում է ախորժակը, ինչպես նաեւ նպաստում է բարակ աղիում ճարպերի եւ սպիտակուցների ներծծմանը: Խոլեցիստոկինինը հայտնաբերվել է նաեւ հիպոկամպում, որը մասնակցում է զգացմունքների ձեւավորմանը եւ կարճաժամկետ հիշողությունը երկարաժամկետի անցնելու գործընթացին:

EurekAlert!-ը հայտնում է, որ 287 մարդկանց մասնակցությամբ հետազոտության ընթացքում պարզվել է, որ տվյալ հորմոնի առավել բարձր մակարդակ ունեցող մարդկանց մոտ 65 տոկոսով նվազել է չափավոր կոգնիտիվ խանգարման զարգացման վտանգը:

Հայտնի է, որ հենց չափավոր կոգնիտիվ խանգարումն է նախորդում Ալցհեյմեր հիվանդւթյան առաջացմանը: Գիտնականները մտադիր են շարունակել հետազոտությունները եւ պարզել, թե սնվելու որ ռեժիմն է նպաստում օրգանիզմում խոլեցիստոկինինի մակարդակի բարձրացմանը:

Սա կնպաստի Ալցհեյմեր հիվանդության բուժման եւ պրոֆիլակտիկայում առաջընթացին:



© NEWS.am Medicine