Փոքր երեխաների 40 տոկոսը չափից ավելի շատ է ատամի մածուկ օգտագործում, ինչն ատամների վրա բացասաբար է անդրադառնում

22:30   1 փետրվարի, 2019

Կրտսեր տարիքի երեխաների 40 տոկոսը չափից ավելի շատ է ատամի մածուկ օգտագործում, ինչն ատամների վրա բացասաբար է անդրադառնում: Այս մասին նշված է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների  (CDC) հետազոտության մեջ:

3-ից մինչեւ 15 տարեկան ավելի քան 5 հազար երեխաների ծնողների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ 3-6 տարեկան երեխաների շուրջ 40 տոկոսը ատամները մաքրում է չափից ավելի մեծ քանակությամբ ատամի մածուկով (մածուկը ամբողջությամբ կամ կիսով չափ ծածկում է ատամի խոզանակի մազերը): Մինչդեռ փոքր տարիքի երեխաներին խորհուրդ է տրվում ատամները մաքրել ոլոռի չափով ատամի մածուկի քանակությամբ:

Փորձագետները նշում են, որ մանկական ատամի մածուկներն ունեն հաճելի համ, ինչի պատճառով փոքրիկներից շատերը ատամի խոզանակի վրա շատ մածուկ են դնում:

Սակայն ատամների ձեւավորման շրջանում մեծ քանակությամբ ֆտորը վնասակար է եւ կարող է դառնալ ֆլյուորոզի զարգացման պատճառ: Այս հիվանդությունը քրոնիկ բնույթ ունի եւ արտահայտվում է ատամի էմալի վրա բծերի ու մակերեւույթին թերությունների առաջացմամբ:

Ատամի մածուկի ոչ բոլոր տեսակներն են ֆտոր պարունակում, ուստի ծնողները պետք է ավելի ուշադիր լինեն այս կամ այն ապրանքն ընտրելիս:



© NEWS.am Medicine