Քաղցկեղի դեմ պայքարը մեր առաքելությունն է. Արմեն Տանանյան (ֆոտո)

11:00   4 փետրվարի, 2019

Փետրվարի 4-ը աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր։

Ամբողջ աշխարհում քաղցկեղը համարվում է լրջագույն բժշկա-սոցիալական և առողջապահական հիմնախնդիր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, 2018թ. աշխարհում գրանցվել է ավելի քան 18 մլն քաղցկեղի նոր դեպք և կանխատեսվում է, որ նոր դեպքերի քանակը 2040-ին կգերազանցի 29 մլն-ը։

Հայաստանում, ինչպես հայտնում է ՀՀ ԱՆ Բ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Տանանյանը, վերջին 20 տարվա ընթացքում չարորակ նորագոյացություններով հիվանդացությունն աճել է շուրջ 70%-ով, և 2018 թվականին գրանցվել է շուրջ 8.5 հազար հիվանդացության նոր դեպք, իսկ մահացության պատճառների շարքում քաղցկեղը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ սիրտ-անոթային հիվանդություններից հետո։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի անձնակազմը հաստատության ստեղծման առաջին իսկ օրից` ստանձնելով Հանրապետությունում քաղցկեղի դեմ պայքարի առաջամարտիկի առաքելությունը, չնայած ոլորտի բազմաթիվ դժվարություններին և մարտահրավերներին, ջանք ու եռանդ չի խնայում չարորակ ուռուցքների դեմ պայքարում նշանակալից արդյունքներ գրանցելու համար։ Կենտրոնում տարեկան բուժվում է շուրջ 12 հազար ուռուցքով հիվանդ, իսկ դիսպանսեր պոլիկլինիկական ծառայությունում հսկվող հիվանդների թիվը գերազանցում է 36 հազարը:

Վերջին 3 տարիների ընթացքում կենտրոնը նոր շունչ է ստացել. հիմնովին վերանորոգվել և զգալիորեն վերազինվել են ընդունարանը, դիսպանսեր-պոլիկլինիկական, վիրահատական, վերակենդանացման, գինեկոլոգիական, որովայնային և էնդոսկոպիկ, քիմիաթերապիայի, ճառագայթային ախտորոշման բաժանմունքները:

Ներ են դրվել նոր և ժամանակակից բուժական մոտեցումներ` ապահովելով մասնագիտացված ծառայությունների նոր որակ։ Կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման գործընթացում լայն կիրառում են ստացել միանվագ վերականգնողական վիրահատությունները` թույլ տալով պահպանել կրծքագեղձի բնական տեսքը։ Սեփական հյուսվածքներով, համակցված (սեփական հյուսվածք+իմպլանտ) եղանակներով վերականգնողական վիրահատությունները բազմաթիվ կանանց թույլ են տալիս վերականգնել կրծքագեղձի տեսքը՝ քաղցկեղի բուժումից ամիսներ և տարիներ անց։ Ուռուցքաբանական ազգային կենտրոնն առաջին և առայսօր միակ բժշկական հաստատությունն է հանրապետությունում, որտեղ ներ է դրվել կրծքագեղձի պահակային ավշահանգույցների հեռացումը՝ կիրառելով դրանց հայտնաբերման ռադիոիզոտոպային եղանակը (լիմֆոսցինտիգրաֆիա)։

Վերջին տարիների ընթացքում ավելի ու ավելի լայնորեն են կիրառվում էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ վիրաբուժական մոտեցումները:

Վերանորոգված և ըստ միջազգային չափորոշիչների վերազինված քիմիաթերապիայի բաժանմունքում ստեղծված են բոլոր պայմանները լավագույն արդյունավետություն ապահովելու համար: Պորտ-կատետրների, դեղորայքի ներարկման ավտոմատացված սարքերի լայն կիրառումը թույլ է տալիս բուժումը դարձնել առավել անվտանգ` խուսափելով մի շարք անոթային բարդություններից և խնդիրներից։

Կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքը ևս դինամիկ զարգացում է ապրում։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության շնորհիվ դեռևս 2005թ. կենտրոնում տեղադրված ռուսական LUER20M գծային արագացուցչով Հայաստանում սկիզբ էր դրվել արագացուցչային ճառագայթային բուժմանը, 2014 թվականից ELEKTA Compact գծային արագացուցչի շնորհիվ առաջին անգամ Հայաստանում ներդրվեց եռաչափ կոնֆորմալ ճառագայթային բուժումը, որը ներկայում կիրառվում է պացիենտների ավելի քան 50%-ի բուժման համար` ապահովելով առավել ճշգրիտ, արդյունավետ և անվտանգ բուժում։ Կենտրոնում ավելի քան 12 տարի գործող հոլանդական Microselectron բրախիթերապևտիկ սարքի օգնությամբ ուռուցքային հիվանդություններով հազարավոր կանայք ստացել են համակցված ճառագայթային բուժում: Ընթացքի մեջ է կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության ծառայությունը գերժամանակակից նոր սարքերով հագեցնելու ծրագիրը, որը հնարավորություն կտա կարճ ժամկետներում Հայաստանում ներդնել հեռահար ճառագայթային բուժման և բրախիթերապիայի նորագույն ու գերճշգրիտ մոտեցումներ:

Արմատապես վերազինվել են նաև կենտրոնի ախտորոշիչ ծառայությունները՝ ժամանակակից թվային մամոգրաֆիան, իմունահյուսվածաքիմիական հետազոտությունները, նորագույն համալիրներով կատարվող ՀՇ հետազոտությունները, որոնք էապես բարելավել են ախտորոշման գործընթացները, իսկ 2018թ. տեղադրված Mediso AnyScan SPECT/CT համալիրն առաջին անգամ Հայաստանում հասանելի է դարձրել հիբրիդային (միջուկային+ռադիոլոգիական) հետազոտման մեթոդը՝ ոսկրերի և մի շարք այլ օրգանների ուռուցքների ախտորոշման համար։

Ավարտական փուլում են նաև վահանաձև գեղձի քաղցկեղի ռադիոյոդային բուժման ծառայության կազմակերպման աշխատանքները, և, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, հաշված օրեր հետո բաժանմունքը պատրաստ կլինի ընդունել առաջին հիվանդներին` ազատելով նրանց բուժման համար արտերկիր մեկնելու անհրաժեշտությունից։

Միաժամանակ, ՈՒԱԿ-ում մեծ ուշադրություն է հատկացվում կենտրոնի գիտակրթական ներուժի հզորացմանը և ծավալմանը: Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կլինիկական բազա է ԵՊԲՀ ուռուցքաբանության և մի շարք այլ ամբիոնների համար, և մեծ ներդրում ունի բժիշկների հիմնական և շարունակական մասնագիտական կրթության գործում:

Կենտրոնի ուժերով հիմնադրվել և կանոնավոր հրատարակվում է «Ուռուցքաբանության և կլինիկական բժշկության եվրասիական ամսագիրը», որը հավաստագրվել է ՀՀ ԲՈԿ-ի կողմից՝ հարթակ հանդիսանալով հայ և արտասահմանցի բժիշկների նվաճումները հանրությանը ներկայացնելու համար:

2018թ. դառնալով Միջազգային հակաքաղցկեղային միության լիիրավ անդամ, կենտրոնն ինտեգրվել է քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային ռազմավարության մշակման գործընթացներին` ի նպաստ մեր հայրենակիցների և համայն մարդության առողջ ապագայի:

Չարորակ նորագոյացությունների բուժման ժամանակակից մոտեցումները պահանջում են տարբեր ուղղվածության մասնագետների՝ վիրաբույժների, ճառագայթային ուռուցքաբանների, քիմիաթերապևտների, ախտորոշման ոլորտում աշխատող տարբեր մասնագետների և այլոց միահամուռ, անխոնջ, նվիրված աշխատանք, ինչն առավել արդյունավետ և արգասաբեր կարող է լինել միայն մեկ հարկի տակ միավորված, մրցունակ, պատշաճ հագեցված և պետության անվերապահ աջակցությունը վայելող մասնագիտացված կենտրոններում: Կասկածից վեր է նաև, որ այս սկզբունքն է առավել նպատակահարմարը՝ ծախսաարդյունավետության տեսանկյունից, ինչը ոչ պակաս կարևոր է` նկատի ունենալով մեր երկրի առողջապահական համակարգի տնտեսական առանձնահատկությունները:

"Համոզված եմ, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, լինելով համապարփակ և համակողմանի ուռուցքաբանական ծառայություններ ապահովող միակ հաստատությունը Հայաստանում, ունի մեծ ներուժ և զարգացման հեռանկարներ՝ չարորակ նորագոյացությունների դեմ պայքարում առաջատարի դերը պահպանելու համար", - ասել է Արմեն Տանանյանը:



© NEWS.am Medicine