Առաջին անգամ Հայաստանում կրծքագեղձի վերականգնողական վիրահատություն լապարոսկոպիկ ձևավորված ճարպոնային լաթով. դեպքի ներկայացում

12:18   4 փետրվարի, 2019

Ճարպոնային լաթը (omental flap) լայնորեն կիրառվում է ռեկոնստրուկտիվ վիրահատությունների ժամանակ` տարբեր բնույթի դեֆեկտների վերականգման նպատակով։

Կրծքագեղձի վիրահատությունների դեպքում այն կիրառվում է Պոլանդի համախտանիշի, օնկոպլաստիկ ռեզեկցիաների և մաստէկտոմիաներից հետո վերականգման նպատակներով։ Այն համարվում է սեփական հյուսվածքներով վերականգման (աուտոպլաստիկայի) եղանակ` վերջինիս ներհատուկ բոլոր առավելություններով։

Հիվանդ. Ս.Հ. (53 տարեկան) ՈՒԱԿ-ում ստացել է նախավիրահատական (նեոադյուվանտ) դեղորայքային բուժում` աջ կրծքագեղձի ուռուցքային հիվանդության կապակցությամբ, որից հետո գոյացության չափերը բավականին փոքրացել են, այնուհետև իրականացվել է վիրահատական բուժում։  Հաշվի առնելով հետազոտության արդյունքները, հիվանդի տարիքը, հորմոնային և ռեցեպտորային կարգավիճակները, որոշում է կայացվել կրծքագեղձի վիրահատության հետ միաժամանակ (սիմուլտան) կատարել նաև հորմոն-կարգավորող վիրահատություն` ձվարանների լապարոսկոպիկ հեռացում (օվարիէկտոմիա): Երկու վիրահատությանը համատեղվել է նաև լապարոսկոպիայի ժամանակ ճարպոնային լաթի ձևավորումը` կրծքագեղձի վերականգման նպատակով։

Վիրահատության առաջին փուլում կատարվել է կրծքագեղձի, այսպես կոչված, մաշկապահպան հեռացում  (skin-sparing` մաստէկտոմիա): Առանձին կտրվածքով հեռացվել են անութային ավշային հանգույցները։

Վիրահատության երկրորդ փուլում լապարոսկոպիկ մուտքերով կատարվել է ձվարանների հեռացում, և մոբիլիզացվել է մեծ ճարպոնը` անջատելով այն լայնական խթաղիքից և ստամոքսից։ Ձևավորվել է ճարպոնային լաթ, որի սնուցումն ապահովվում է աջ gastroepiploica անոթներով։ Լաթը որովայնի առաջային պատի միջով և ենթամաշկային թունելով տեղափոխվել է հեռացված կրծքագեղձի շրջան` վերջինիս վերականգման նպատակով։

Վիրահատությունն իրականացրել են երկու վիրաբուժական անձնակազմ` Կոստանյան Մ.Դ. (Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ), Սարգսյան Հ.Ռ., Գրիգորյան Հ.Ա. և  Բազիկյան Կ.Գ. (Գինեկոլոգիա-2 բաժանմունքի վարիչ), Մնացականյան Վ.Ռ.։  

Ճարպոնային լաթի կիրառումը համարվում է կրծքագեղձի վերականգման (ռեկոնստրուկցիայի) այլընտրանքային տարբերակ։ Այն հատկապես ցուցված է, երբ կրծքագեղձի վիրահատության հետ միաժամանակ կատարվում է նաև լապարոսկոպիկ միջամտություն։



© NEWS.am Medicine