Ինչո՞վ է վտանգավոր ոչ ավանդական բժշկությունը քաղցկեղի բուժման ժամանակ. բացատրում  է փորձագետը

14:47   4 փետրվարի, 2019

Ոչ ավանդական բժշկության մեթոդներով քաղցկեղային հիվանդությունների բուժումը գիտական հիմնավորում չունի:  Փետրվարի 4-ին՝ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Առողջության Հայ-ամերիկյան կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։

Նա նշեց, որ հեքիմներին քաղցկեղով պացիենտների դիմելու դեպքեր մինչ օրս գրանցվում են:

«Սակայն քաղցկեղով հիվանդները պետք է հիշեն, որ նրանք կորցնում են ամենաթանկը՝ բուժման համար անհրաժեշտ ժամանակը», - նկատեց փորձագետը: Ոչ ավանդական բժշկության մեթոդներին դիմելուց հետո պացիենտները նորից վերադառնում են բժիշկների մոտ, սակայն  այդ ընթացքում նրանց ուռուցքը զգալիորեն մեծանում է:

Փորձագետը նկատեց, որ քաղցկեղ ախտորոշման դեպքում պետք չէ հանձնվել եւ վստահությամբ չվերաբերվել ավանադական բուժմանը:

«Այս հարցում գլխավորը պայքարելն ու ապրելու ցանկությունն է: Լավատեսությունը եւ մարտական ոգին հաջողության երաշխիքներ են», - ասաց նա:

 Միեւնույն ժամանակ Հակոբյանը խոստովանեց, որ որոշ հիվանդներ ծանր սոցիալական պայմանների պատճառով չեն կարող իրենց թույլ տալ  քաղցկեղի բուժումը: Կրծքագեղձի քաղցկեղի դեպքում վիրահատության արժեքը տատանվում  է 300 հազար դրամի սահմաններում, իսկ եթե այն ուղեկցվում է կրծքագեղձի ռեկոնստրուկցիայով՝ մինչեւ 1 մլն դրամ:

Այս կապակցությամբ նա դրական գնահատեց ԱՆ-ի նախաձեռնությունը, որի համաձայն ուռուցքային հիվանդությունների վիրահատական բուժումն ամբողջությամբ պետպատվերով կկատարվի: Ավելի վաղ նախարար Արսեն Թորոսյանը հաղոդել էր, որ տվյալ ծրագիրը կաշխատի այն բժշկական կենտրոններում, որոնք կհապատասխանեն մի շարք չափանիշներին:

«Մենք հույս ունենք, որ ծրագրում ներառված բժշկական հաստատությունների ընտրությունը օբյեկտիվ կկատարվի», - ասաց Հակոբյանը՝ նշելով, որ տվյալ հարցի շուրջ բանակցություններ դեռ չեն անցկացվել:



© NEWS.am Medicine