ՄՌՏ հետազոտությունն արդյոք անվտա՞նգ է դաջվածքներով մարդկանց համար

17:34   4 փետրվարի, 2019

Գիտնականները որոշել են պատասխանել հարցին, թե որքանով է անվտանգ դաջվածքներով մարդկանց համար ՄՌՏ հետազոտություն անցնելը: Բանն այն է, որ դաջվածքների թանաքը երկաթ է պարունակում, իսկ ՄՌՏ սքաների մեջ մագնիսական դաշտը 60 հազար անգամ գերազանցում է Երկրի մագնիսական դաշտի ցուցանիշները: Դրանից բացի, ՄՌՏ-ն փոփոխական մագնիսական դաշտ է գեներացնում մի քանի հարյուր մեգահերց հաճախականությամբ, իսկ դաջվածքի թանաքը օժտված է էլեկտրական հոսանքն անցկացնելու ունակությամբ:

Այս գործոնները հաշվի առնելով՝ մասնագետները Մաքս Պլանկի անվան կոգնիտիվ գիտությունների եւ ուղեղի մասին գիտությունների ինստիտուտից Նիկոլաուս Վայսկոպֆի ղեկավարությամբ որոշել են 330 մարդու մասնակցությամբ փորձ անցկացնել: Կամավորների մարմինների վրա ընդհանուր եղել է 932 դաջվածք, ընդ որում՝ յուրաքանչյուր դաջվածքի չափը 20 սանտիմետրը չի գերազանցել:

Պարզվել է, որ փորձարկվողների մեծ մասը ՄՌՏ սքանավորման հետ կապված ոչ մի կողմնակի էֆեկտ չի զգացել: Միայն մեկ մարդ է գանգատվել մաշկի ծակծկոցից, սակայն այս զգացողությունը 24 ժամում անցել է, ընդ որում՝ առանց բժշկի օգնության:

Հետազոտությունն անցկացվել է միայն կոնկրետ մոդելի ՄՌՏ սքաներներով, ինչը փոքր-ինչ սահմանափակում է ստացած տվյալները: Սակայն նույնիսկ չնայած դրան, գիտնականները նշում են դաջվածքներով անձանց համար ՄՌՏ հետազոտության անվտանգ լինելը:

Հետազոտությունը ներկայացված է New England Journal of Medicine պարբերականում:



© NEWS.am Medicine