Երեւանում թոքերի քաղցկեղի վաղ ախտորոշման համար սքրինինգային ծրագիր կանցկացնեն

16:18   4 փետրվարի, 2019

2019 թվականին Երեւանում նախատեսվում է թոքերի քաղցկեղի վաղ ախտորոշման համար սքրինգային ծրագիր անցկացնել: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց  Europa Donna Armenia բարեգործական կազմակերպության ղեկավար Նվարդ Քոչարյանը:

Ծրագրի շրջանակում, որը կազմակերպված է քաղաքապետարանի կողմից եւ մեկնարկում է մարտի 1-ից, 45-55 տարեկան բոլոր տղամարդիկ եւ կանայք հնարավորություն կստանան բնակության վայրի պոլիկլինիկաներում անվճար ռենտգեն հետազոտություն անցնել:

Եթե ռենտգենային նկարներով մասնագետների մոտ կասկած առաջանա, որ պացիենտի մոտ թոքերի քաղցկեղ կարող է լինել, նրան նեղ մասնագետի մոտ կուղարկեն, որն էլ կօգնի հետագա ախտորոշման եւ բուժման հարցում:

Նվարդ Քոչարյանը նշեց, որ սքրինինգի համար 45-55 տարիքային խումբ է ընտրվել, քանի որ հենց այդ տարքիում է ամենից հաճախ թոքերի քաղկեղ հայտնաբերվում:

Հիշեցնենք, որ թոքերի քաղցկեղը Հայաստանում  քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկն է, հատկապես տղամարդկանց շրջանում: Ամեն տարի երկրում այս քաղցկեղի առնվազն 1500 նոր դեպք է գրանցվում: Քաղցկեղի զարգացման վտանգի լուրջ գործոն է համարվում ծխելը:

Քանի որ թոքերի քաղցկեղը կարող է երկար ժամանակ չդրսեւորվել, շատ հաճախ այս հիվանդությունը ուշ փուլերում են ախտորոշում եւ հիվանդին օգնել այլեւս հնարավոր չի լինում: Վաղ ախտորոշումը կարող է օգնել բուժումը ժամանակին սկսել, ինչի դեպքում հաջողության հնարավորությունները մեծ կլինեն: Հենց վաղ ախտորոշումն է սքրինինգային ծրագրերի նպատակը:

Այս տարի Europa Donna Armenia-ն մտադիր է Հայաստանում՝ ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում եւ, իհարկե, Արցախում կրծքագեղձի, վահանաձեւ գեղձի եւ շագանակագեզձի սքրինինգային ծրագրեր անցկացնել:



© NEWS.am Medicine