Ամուսնության մեջ ինչպե՞ս բարելավել սեռական կյանքը. փորձագետի 4 խորհուրդ

22:29   5 փետրվարի, 2019

Դերաբաշխմամբ խաղեր, սադրիչ ներքնաշոր, էրոտիկ ֆիլմերի դիտում… Այս միջոցներից յուրաքանչյուրը կարող է ձեր սեռական կյանքին չամիչ ավելացնել, սակայն երբ ներքին «մարտկոցները» նստում են եւ անհետանում է զուգընկերոջ հանդեպ սեքսուալ հետաքրքրությունը, պետք է լսել փորձագետի կարծիքը:

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, սեքս մանկավարժ եւ սեքսուալ հարաբերությունների մասին «Come as You Are: The Surprising New Science That Will Transform Your Sex Life» բեսթսելերի հեղինակ Էմիլի Նագոսկին ինտիմ կյանքը բարելավելու 4 միջոց է առաջարկում:

NBC News-ը հայտնում է, որ սեռական առողջության գլխավոր սպառնալիքներից մեկն է սթրեսը: Նագոսկին նշում է, որ հատկապես քրոնիկական սթրեսը կարող է լիբիդոն ամբողջությամբ ճնշել: Դրա պատճառները տարբեր են՝ աշխատանքը, երեխաների դաստիարակությունը, քնի տեւողության կրճատումը… Մեծ թվով զույգերի համար կենցաղային խնդիրները մշտական նյարդային գերլարվածության աղբյուր են: Նագոսկին 4 խորհուրդ է տալիս սեքսուալ ներդաշնակությունը վերադարձնելու մասին:

Սեքսի օրը նշեք ձեր ժամանակացույցի մեջ

Գաղափարը միայն առաջին հայացքից է տարօրինակ թվում: Նագոսկին հավաստիացնում է, որ երկարատեւ հարաբերություններում մեծ թվով երջանիկ զույգեր իսկապես օրացույցում «սեքսի օր» են նշում: Իհարկե, սեքսի ծրագրավորումն այնքան էլ ռոմանտիկ չէ, սակայն նման մոտեցումը թույլ է տալիս «Х» օրից առաջ թուլանալ եւ ջանալ նվազագույնի հասցնել սթրեսային գործոնները:

Խուսափեք սեքսուալ ակտիվության մրցավազքից

Շատերին ծանոթ իրավիճակ է. դուք սեքս եք ցանկանում, իսկ ձեր զուգընկերը՝ ոչ (կամ հակառակը): Նման վարքագիծը հարցեր է առաջացնում, զուգընկերոջ սեքսուալության վերաբերյալ կասկածներ են հայտնվում, ինքնավստահության պակաս: Խնդիրը, սակայն, կարող է այն լինել, որ զուգընկերներից մեկը հոգեբանորեն կամ ֆիզիկապես ծանրաբեռնված է եւ դժվարությամբ է անցում կատարում սեքսին:

Նագոսկին նշում է, որ նման իրավիճակում ամենավատ բանը, որ կարող եք անել, զուգընկերոջը համառորեն ձգտելն է: «Դա նրա սթրեսը միայն կխորացնի եւ կգործի որպես լրացուցիչ արգելակ»,- կարծում է նա:

Դադարեք կենտրոնանալ սեքսի վրա

Եթե ցանկանում եք ձեր սեքսուալ կյանքը բարելավել, պետք է կենտրոնանաք զուգընկերոջ հետ մտերմիկ մթնոլորտի ստեղծման վրա: Սա կարող է ծամծմված հնչել, բայց հենց գրկախառնություններն ու համբույրներն են այդ նպատակին հասնելու լավագույն միջոցը: Փորձագետի խոսքով՝ դրանք կօգնեն ազատվել սթրեսից, ինչպես նաեւ բարելավել տրամադրությունը: «Քնքշանքի նման դրսեւորումները զուգընկերոջ հետ անվտանգության զգացում են հաղորդում եւ խորացնում ֆիզիկական կապվածությունը»,- ասում է Նագոսկին:

Դիմեք սեքսաթերապեւտի

Եթե ձեր զույգում իշխում է ուժեղ էմոցիոնալ կապվածությունը, եւ միաժամանակ բացակայում է ֆիզիկական մերձությունը, ապա արժի խորհրդակցության համար մասնագետի դիմել: Դժվար է իրար հետ խոսել սեքսուալ ասպեկտների մասին, եւ սեքսաթերապեւտին այցելությունը ձեզ կազատի փոխադարձ մեղադրանքներից կամ վիրավորական արտահայտություններից:



© NEWS.am Medicine