Խորհրդավոր հիվանդության պատճառով 23-ամյա աղջկա շուրթերը հսկայական չափերի են հասնում

15:36   6 փետրվարի, 2019

Բրիտանիայից 23-ամյա Լիդիա ՕՔոնորի շուրթերը այտուցվելով երկու անգամ մեծանում են խորհրդավոր հիվանդության պատճառով, որը զարմացնում է անգամ բժիշկներին: Այն դեռեւս չի հաջողվում բուժել, անգամ ախտորոշումը դեռ հստակ չէ:

Ուռչող շրթունքները աղջկա տարօրինակ հիվանդության միակ դրսեւորումը չեն: Հիվանդության սրացման ժամանակ աղջկա մարմինը տարօրինակ ցանով է պատվում: Ավելին՝ այդ նախանշանները մահացու վտանգավոր են, քանի որ սրացման ժամանակ աղջկա մոտ շնչառության հետ կապված խնդիրներ են առաջանում:

Այդ խանգարումը կարող է ցանկացած պահի առաջանալ: Բժիշկները նրա խնդիրը դեռ անվանում են իդիոպաթիկ եղնջացան, ինչը նշանակում է, որ անհնար է ստույգ պարզել այդ խանգարման պատճառները:

Ավելի վաղ մասնագետները ենթադրում էին, որ Լիդիան ընկույզի ալերգիա ունի, քանի որ եղնջացանն առաջին անգամ 16 տարեկանում էր հայտնվել եւ ընկույզներն ուտելուց հետո  6 օր անց պահպանվել:

Սակայն խանգարման նախանշանները սկսել էին հայտնվել անկախ ընկույզների օգտագործումից՝ Լիդիան ընդհանրապես դադարել էր ընկույզ ուտել:

Անցյալ տարի հերթական սրացումից հետո  աղջկան անգամ հոսպիտալացրել էին: Նրա շրթունքները հսկայական էին դարձել, լեզուն նույնպես այտուցվել էր, նա չէր կարողանում շնչել: Դեղերի միջոցով բժիշկները կարողացել էին վերացնել այտուցները, սակայն հաջորդ օրը դրանք նորից էին հայտնվել: Նրա մոտ ոչ մի ալերգեն չէին գտել:

Ցանը 6 ամիս չէր անհետանում, ինչը շատ անսովոր էր ալերգիկ ռեակցիայի համար: Օգոստոսին հիվանդության նախանշանները նույնքան հանկարծակի եւ անբացատրելի կերպով անհետացել էին, ինչպես եւ հայտնվել էին: Սակայն աղջիկը վախենում է, որ հիվանդությունը նորից կսկսվի, հատկապես, որ դրա պատճառները պարզ չեն եւ հասկանալի չէ, թե ինչպես  է պետք դրանից պաշտպանվել:



© NEWS.am Medicine