Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունները կարելի է բուժել. գիտնականներ

13:37   7 փետրվարի, 2019

Գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է մահացած նեյրոնների պոտենցիալ փոխարինման մեխանիզմ, որի օգնությամբ ապագայում կարելի կլինի լրիվ բուժել Պարկինսոնի եւ Ալցհեյմերի հիվանդությունները։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով հետազոտության հեղինակին՝ ՌԳԱ Հեռավորարեւելյան բաժանմունքի Ծովային կենսաբանության ազգային գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Վյաչեսլավ Դյաչուկին։

«Մենք առաջին անգամ համաշխարհային գիտության մեջ հայտնաբերեցինք զարգացման վաղ փուլում նեյրոններում գլիալ բջջիջների մասնագիտացման մեխանիզմ, դա նեյրոնների պոտենցիալ վերականգնման բնական մեխանիզմ է, ինչը կարեւոր է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բուժման ժամանակ։ Կենդանիների նյարդային բջիջիները գրեթե չեն կիսվում։ Զարգացման կենսաբանության մոդելներով, մասնավորապես՝ տրանսգենային մկների վրա ցույց է տրվել, որ կա նեյրոնների վերականգնման հնարավորություն մեկ այլ բջջանյութից՝ զարգացման վաղ շրջանում, եւ այդպիսի բջջանյութ, որը կարող է փոխարինել մահացած նեյրոններին, կարող են լինել գլիալ բջիջները»,- ասել է գիտնականը։

Նրա խոսքով՝ դա մեռած նեյրոնների հետ կապված հիվանդությունների բուժման մեծ պոտենցիալ է տալիս։ Այս հայտնագործության մոտ ապագան առայժմ լրացուցիչ փորձարկումներն են մկների վրա՝ պարզելու համար սույն մեխանիզմի մանրամասները։ Եթե դրանք հաջող լինեն, ապա գիտնականները կթեստավորեն գլիալ բջիջները մարդու նեյրոնների վերականգնման համար։

«Դեռ վաղ է խոսել հիվանդության տեւողության վրա ազդեցության մասին, բայց եթե այս սկզբունքն աշխատի, եթե հայտնագործությունն իսկապես աշխատի մարդկանց պարագայում, ուրեմն դա հարյուր տոկոսանոց բուժում կնշանակի նեյրոդեգեներատիվ հիվանդություններից՝ կապված նեյրոնների կորստի հետ։ Եթե գլիան կարողանա վերականգնել նեյրոնները, ուրեմն դրանց կորստի խնդիրը կլուծվի։ Ապագայում դա կնշանակի լիակատար ապաքինում եւ վերադարձ լիարժեք կյանքին այն մարդկանց համար, ովքեր տառապում են նման հիվանդություններով»,- նշել է Դյաչուկը։

Կոլեկտիվ հետազոտությանը մասնակցել են ՌԳԱ Հեռավորարեւելյան բաժանմունքի Ծովային կենսաբանության ազգային գիտական կենտրոնի, Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի, Ն.Կ. Կոլցովի անվան Զարգացման կենսաբանության ինստիտուտի եւ Շվեդիայի Քարոլինյան ինստիտուտի մասնագետները։



© NEWS.am Medicine