Գրաֆենի բիոսենսորը կլինի թոքերի քաղցկեղի վաղ ախտորոշման նոր տեխնոլոգիաների հիմքում

17:04   7 փետրվարի, 2019

Գրաֆեն (ածխածնի երկչափ ալոտրոպ մոդիֆիկացիա) հրաշք նյութը կարող է դառնալ թոքերի քաղցկեղի ախտորոշման նոր սերնդի բանալին։ University of Exeter-ի գիտնականները մշակել են նոր տեխնոլոգիա, որը կօգնի ստեղծել գրաֆենի բարձր զգայնությամբ բիոսենսոր, որը կկարողանա գտնել թոքերի քաղցկեղի ամենատարածված բիոմարկերների մոլեկուլները։

Հետազոտության համաձայն, որը հրապարակվել է Nanoscale ամսագրում, բազմաշերտ գրաֆենը կարելի է ներդնել արդեն գոյություն ունեցող «էլեկտրոնային քիթ» տիպի համակարգում (ուսումնասիրությունն անցկացվում է արտաշնչվող օդի միջոցով) եւ զգալիորեն բարձրացնել դրանց արդյունավետությունը։ Նման համակարգերը համադրում են էլեկտրոնային սենսորները եւ որոշակի սխեմաների ճանաչումը՝ նեյրոցանցի նման։

Գրաֆենի սենսորը շատ զգայուն է թոքերի քաղցկեղի երեք ամենատարածված մարկերների հանդեպ՝ տարբեր խտության էթանոլի, իզոպրոպիլային սպիրտի եւ ացետոնի։

Սա առաջին քայլն է վաղ ախտորոշման համակարգերի ստեղծման ուղղությամբ, որոնք աչքի են ընկնում պարզությամբ եւ չափավոր արժեքով։

Նշենք, որ թոքերի քաղցկեղն այսօրվա դրությամբ համարվում է քաղցկեղի ամենամահաբեր տեսակներից մեկը, այդ թվում եւ այն պատճառով, որ այն սովորաբար ախտորոշվում է ուշ փուլերում։



© NEWS.am Medicine