Ո՞րն է սեքսի եւ սիրով զբաղվելու միջեւ տարբերությունը

22:24   7 փետրվարի, 2019

Սուրբ Վալենտինի օրվա նախաշեմին հետազոտողները որոշել են 2 հազար մարդու շրջանում հարցում անցկացնել եւ պարզել՝ փետրվարի 14-ն արդյոք ազդո՞ւմ է սեռական կյանքի վրա: New York Post-ը հայտնում է, որ OnePoll-ի հետազոտությունը միանգամայն հետաքրքիր պատկեր է պարզել. զույգերի 58 տոկոսը խոստովանել է, որ հենց այդ օրն են իրենք ունենում տարվա լավագույն սեքսը: Դրանից բացի, սիրահարների օրը շատերն աշխատում են ուշադրություն հատկացնել իրենց երկրորդ կեսի սեքսուալ ցանկություններին:

Այս սիրառատ օրվա արդյունքն է դարձել հարցվածներից 54 տոկոսի խոստովանությունն այն մասին, որ փետրվարի 14-ին իրենց զուգընկերներն ավելի շռայլ են եղել սեքսուալ գգվանքների հարցում: Միաժամանակ, 52 տոկոսը նշել է, որ այդ օրը իրենք կզբաղվեն ոչ թե սեքսով, այլ սիրով: Սա նշանակում է, որ սեքսի եւ սիրով զբաղվելու միջեւ մեծ տարբերությո՞ւն կա: 82 տոկոսը վստահաբար պատասխանում է՝ «Այո»:

68 տոկոսը սիրով զբաղվելն ավելի կրքոտ է համարում, իսկ 61 տոկոսը՝ ավելի քնքուշ: Հարցվածների կեսից ավելին՝ 54 տոկոսը նշում է, որ սիրով զբաղվելիս պետք է տեսողական շփում լինի, իսկ 43 տոկոսը խոստովանում է, որ սիրով զբաղվելը սովորական սեքսից ավելի երկար է տեւում: Դրանից բացի, հարցվածների 41 տոկոսը նշում է, որ սիրով զբաղվելն ավարտվում է քնքուշ գրկախառնություններով:

33 տոկոսի կարծիքով՝ սիրով զբաղվելու ժամանակ անհրաժեշտ է զուգընկերոջն ավելի շատ ուշադրություն դարձնել: Սիրային մթնոլորտի ստեղծման համար ռոմանտիկ ինտերիերը նույնպես վերջին դերը չի խաղում. 29 տոկոսն ընդգծել է, որ պետք է երաժշտություն հնչի, իսկ 26 տոկոսը՝ մոմեր վառվեն: 27 տոկոսի կարծիքով՝ սիրով զբաղվելու ժամանակ ինտիմ «տեսականու» մեջ է մտնում մեկ դիրքից ավելին:



© NEWS.am Medicine