Պնեւմատիկ ատրճանակի գնդակի պատճառով կինը 11 տարի խլացած էր

11:52   8 փետրվարի, 2019

11 տարի շարունակ 28-ամյա Ջեյդ Հարիսի ձախ ականջը խլացած էր: Կնոջ խոստովանությամբ՝ խլության պատճառով ինքը ստիպված էր հեռուստացույցի ձայնը մինչեւ վերջ բարձրացնել եւ զրուցելիս մարդկանց մշտապես հարցեր տալ:

Ջեյդը երկարամյա տառապանքից հետո, վերջապես, որոշել է դիմել բժիշկների օգնությանը, փոխանցում է The Daily Mail-ը: Բժիշկները նախ որոշել են, որ նրա դժբախտության պատճառը ծծմբի խցանումն է, սակայն սովորական մեթոդներով չի հաջողվել այն հեռացնել: Գործի են դրվել բժշկական գործիքները, եւ բավականին ցավոտ միջամտությունից հետո լսողական ուղուց հանվել է պնեւմատիկ ատրճանակի գնդակը:

Բժիշկների խոստովանությամբ՝ սա ամենատարօրինակ իրն էր, որը երբեւէ ստիպված էին եղել ականջից հանել:

Ջեյդը մտաբերել է, որ 11 տարի առաջ իր տանը երեկույթ էր, որի ժամանակ ընկերուհին կրակել է պնեւմատիկ զենքից: Գնդակը ապակուց անդրադարձել էր եւ ինչպես Ջեյդին էր թվացել՝ միայն դիպել էր իր ականջին:

Հիմա նա ընտելանում է նրան, որ կրկին կարող է ձայները լսել: «Հրաշք զգացում է երեխաներիս ծիծաղը լսելը»,- խոստովանում է նա:



© NEWS.am Medicine