Արտասովոր խանգարում ունեցող աղջիկը 10 անգամ ավելի շատ է քրտնում, քան մյուս մարդիկ

20:30   8 փետրվարի, 2019

20-ամյա Սոֆի Դվայերը 10 անգամ ավելի շատ է քրտնում, քան միջին վիճակագրական  մարդը: Անսովոր խանգարման պատճառով նրա համար վտանգավոր է սառը եղանակին դուրս գալը՝ քրտինքից թրջված հագուստը կարող է սառել:

Դեռ փոքր տարիքում Սոֆիի մոտ հիպերհիդրոզ էին ախտորոշել՝ ավելցուկային քրտնարտադրություն: Աղջիկը ստիպված էր շատ դժվարությունների միջով անցնել. մանկության տարիներին դասընկերները նրան ծաղրում էին, նրանք ոչ մի առիթ բաց չէին թողնում անընդհատ քրտնող աղջկան ծաղրի ենթարկելու համար:

Հիպերհիդրոզի պատճառով Սոֆին ստիպված էր հրաժարվել բժշկի կարիերայից, որի մասին երազում էր: Բացի այդ նրա անձնական կյանքը նույնպես այնքան էլ հաջող չէ. կարելի է պատկերացնել, թե ժամադրությունների ժամանակ աղջիկն ինչ խնդիրներ է ունենում:

Չափից շատ քրտնարտադսրության պատճառով , որի արդյունքում օրգանիզմն արագորեն ջրազրկվում է, Սոֆին ստիպված է լինում շատ ջուր խմել՝ օրական առնվազն 6 լիտր:

Ամենից շատ քրտնում են նրա ձեռքերը, ոտնաթաթերը եւ թեւատակերը: Այդ խնդրի պատճառով նա ջանում է միայն սեւ եւ սպիտակ հագուստ կրել, որպեսզի քրտինքի հետքերն այդքան նկատելի չլինեն:

Աղջիկը բուժման տարբեր մեթոդներ է փորձել, բայց դրանք բոլորն անարդյունավետ են եղել: Այնուամենայնիվ, նա հույսը չի կորցնում:

Հիպերհիդրոզը կարող է մարդու ամբողջ մարմնի կամ նրա որոշակի հատվածների վրա ազդել: Սովորաբար այս խանգարումը չի սպառնում առողջությանը, սակայն զգալիորեն նվազեցնում է կյանքի որակը՝ բացասական ազդեցություն գործելով մարդու հոգեկանի վրա՝ տագնապ եւ դեպրեսիա առաջացնելով:

Հիպերհիդրոզը բավական տարածված է, դրա հետ բախվում է երկրի բնակչության 1-3 տոկոսը եւ հիմնականում խանգարումը տեսանելի պատճառներ չունի, իսկ այն կարող է ցանկացած տարիքում առաջանալ:

Հիպերհիդրոզի բուժման համար բժիշկները սովորաբար հզոր հակադեպրեսանտներ են խորհուրդ տալիս, հաջորդ փուլում իոնոֆորեզ են իրականացնում՝ այսինքն ջրի միջոցով թույլ էլեկտրական հոսանքների ներազդեցություն կամ քրտինքի արտադրման տեղում թաց ներդիրներ տեղադրում, բոտոքսի ներարկումներ եւ անգամ վիրահատություններ կատարում:



© NEWS.am Medicine