Քաղցկեղով հիվանդ երեխաների քանի տոկոսն է բուժվում Հայաստանում

18:00   9 փետրվարի, 2019

Զարգացած երկրներում քաղցկեղով հիվանդ երեխաների մոտ 80-85 տոկոսը հաջողությամբ բուժվում է։ Հայաստանում, ինչպես լրագրողների հետ հանդիպմանն ասաց մանկական ուռուցքաբան Գեւորգ, Թամամյանը, ցուցանիշը մի փոքր ցածր է՝ մոտ 70-75 տոկոս։

Երեխաների շրջանում ամենատարածված քաղցկեղային հիվանդությունը լեյկոզն է՝ 100 000 երեխաներից 3-5-ը մինչեւ 15 տարեկանը հիվանդանում է լեյկոզով։ Հայաստանում տարեկան գրանցում են լեյկոզի մոտ 45 նոր դեպք։ Տարածվածությամբ երկրորդ տեղում գլխուղեղի եւ կենտրոնական նյարդային համակարգի քաղցկեղն է, երրորդ տեղում՝ ոսկորների քաղցկեղը, իսկ չորրորդ տեղում՝ երիկամների։ Քաղցկեղի մյուս բոլոր տեսակները, ներառյալ՝ ռետինոբլաստոման (աչքերի քաղցկեղը), լյարդի եւ փափուկ հյուսվածքների քաղցկեղը, երեխաների մոտ բավական  հազվադեպ է հանդիպում։

Ինչպես իր հերթին նշեց մանկական հայտնի ուռուցքաբան Ռայա Սաաբը (Լիբանան), սարկոմաների դեպքում ապրելու հավանականությունը ցածր է՝ աշխարհում մոտ 50 տոկոս, եւ ավելի ցածր՝ այնպիսի երկրներում ինչպես Հայաստանն ու Լիբանանն է, որտեղ դեռեւս հասանելի չեն բուժման բոլոր ժամանակակից մոտեցումներն ու մեթոդները, ինչպես նաեւ կան այդ բուժման հետ կապված ֆինանսավորման խնդիրներ։

Ընդհանուր առմամբ, մանկական քաղցկեղի այժմյան մակարդակը Հայաստանում բժիշկ Սաաբը բավական լավ է համարում։ Նրա խոսքերով, Հայաստանը հպարտանալու բան ունի։ Ավելին, վերջին ժամանակներս հայ մասնագետները սկսել են հավաքել օբյեկտիվ, գրագետ վիճակագրություն, որի շնորհիվ կարելի է գնահատել մանկական քաղցկեղի բուժման արդյունավետությունը եւ հասկանալ, թե որ ոլորտում ենք մենք ուժեղ, իսկ որում դեռեւս շատ աշխատանք կա անելու։

Հիշեցնենք, որ փետրվարի 7-10-ը Երեւանում անցկացվում է Մանկական քաղցկեղի արեւելյան եւ միջերկրածովյան խմբի (ներառում է 70 կենտրոններ՝ 23 երկրներում) համաժողովը։ Այս տարի համաժողովն անցկացվում է Մխիթար Հերևացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում։

Փետրվարի 7-ին եւ 8-ին անցկացվել են հատուկ կուրսեր եւ թրենինգներ, որոնք նախորդել են համաժողովին, իսկ գլխավոր նիստերն անցնում են փետրվարի 9-10-ը։

Համաժողովի կազմակերպիչները Սուրբ Հուդայի  մանկական հետազոտական հիվանդանոցն (ԱՄՆ) ու Բեյրութի ամերիկյան համալսարանն (Լիբանան) են։

 



© NEWS.am Medicine