Ո՞ր գաղտնիքն է ամենից շատ տանջում. Հայազգի գիտնականն անսպասելի պատասխան է գտել

09:33   13 փետրվարի, 2019

Կոլումբիայի համալսարանի գիտնականները որոշել են ստուգել, թե մարդու որ զգացումներն են «պահարանում կմախքներ» առաջացնում:

Հետազոտությանը մասնակցել է 1000 մարդ, որոնք պետք է պատմեին իրենց գաղտնիքների մասին, ինչպես նաեւ զգացումների, որոնք զգում են դրանց պատճառով: Գիտնականներին նաեւ հետաքրքրում էր, թե կամավորներն ամսվա ընթացքում որքան հաճախ են մտածում իրենց գաղտնիքների մասին:

Պարզվել է, որ բոլոր փորձարկվողներին ընդհանուր բաժին է ընկել 6 հազար գաղտնիք: Ընդ որում՝ փորձի մասնակիցներն ամոթ առաջացնող գաղտնիքների մասին ավելի հաճախ են մտածել, քան մեղքի զգացում առաջացնողների:

Գիտնականները նշում են, որ մարդու առողջության վրա գաղտնիքների բացասական ազդեցությունը եւ մերձավորների հետ նրա հարաբերությունները մեծապես թերագնահատվում են: Այսպես՝ ամոթի զգացումը մարդուն ստիպում է զգալ իր անզորությունն ու ոչնչությունը, իսկ մեղքի զգացումը՝ զղջումն ու ափսոսանքը:

Պարզվել է՝ ամոթի զգացում են առաջացնում հիմնականում այն գաղտնիքները, որոնք կապված են հոգեկան առողջության եւ անցյալում բացասական փորձի հետ, իսկ մեղքի զգացում՝ սուտը, չարդարացված վստահությունը եւ այլ մարդուն պատճառված վնասը:

Հետազոտության առաջատար հեղինակ Մայքլ Սլեփյանը (Michael L. Slepian)՝ Կոլումբիայի համալսարանի Բիզնեսի դպրոցից, խորհուրդ է տալիս սեփական գաղտնիքները սրտին մոտ չընդունել, եւ աշխատել իրավիճակից դուրս գալ: Հաշվի առնելով այն, որ մեղքի զգացումն օգնում է առաջ շարժվել՝ ամոթից մեղքին անցումը կարող է դրական ազդեցություն ունենալ մարդու հոգեբանական տրամադրվածության վրա:



© NEWS.am Medicine