Երեխաների 15 տոկոսը տառապում է քնի ապնոեով, եւ բժիշկները դա չեն նկատում

10:56   14 փետրվարի, 2019

Երեխաների գրեթե 15 տոկոսը տառապում է քնած ժամանակ շնչառության խանգարումներով, այդ թվում՝ քնի ապնոեով, եւ 90 տոկոս դեպքերում նրանք ճիշտ ախտորոշում չեն ստանում: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of the American Osteopathic Association ամսագրում:

Հարավային Կարոլինայից (ԱՄՆ) հետազոտողների խոսքով՝ բժիշկները չեն նկատում երեխաների մոտ այս վտանգավոր խանգարման ախտանշանները, իսկ նկատած ախտանշանների 90 տոկոսը վերագրում են վարքագծի կամ հոգեբանական խնդիրներին: Նրանք իրական վտանգը չեն տեսնում, որն արտահայտվում է ապնոեի պատճառով երեխաների քրոնիկական քիչ քնով:

Հետազոտության հեղինակների վարկածով՝ երեխաները, որոնց վարքագծային խնդիրներ են ախտորոշում, ինչպես նաեւ ուշադրության եւ հիպերակտիվության դեֆիցիտի համախտանիշ, իրականում, հնարավոր է, տառապում են ապնոեով՝ քնի մեջ շնչառության խանգարում: Բժիշկների մեծամասնությունը, չգիտես ինչու, այս ախտորոշումը չի դիտարկում, չնայած գրեթե յուրաքանչյուր յոթերորդ երեխան տառապում է ապնոեի որեւէ ձեւով:

Ապնոեի ժամանակ քնած մարդու ուղեղը բավարար ժամանակ չի գտնվում խորը քնի վիճակում, այն մակերեսային է: Մինչդեռ խորը քունն անչափ կարեւոր է վերականգնման պրոցեսների համար, իսկ երեխաների դեպքում՝ նաեւ նեյրոկոգնիտիվ զարգացման եւ հյուսվածքների աճի համար: Ապնոեի պատճառով քնի պակասը վտանգավոր է մեծահասակների համար, բայց էլ ավելի վտանգավոր է երեխաների համար:

Ինչպիսի՞ նշաններով է հնարավոր կասկածել, որ երեխայի մոտ առկա է ապնոե:

Այս խանգարման հիմնական նշաններից են՝ խռմփոցը, անհանգիստ քունը, ատամների կրճտոցը եւ ծնոտի սեղմումը, գլխացավերը, անմիզապահությունը, գրգռվածությունը: Այսպիսի երեխաների մոտ քնի մեջ ատամների շարժումները կարող են առաջացնել լոգոպեդիկ խնդիրներ:



© NEWS.am Medicine