Քթի պիրսինգի պատճառով աղջիկը հայտնվել է հաշմասայլակի վրա

10:42   15 փետրվարի, 2019

Բրազիլիայից 20-ամյա Լայանե Դիասը (Layane Dias) քթի անհաջող պիրսինգիից հետո զրկվել է քայլելու հնարավորությունից եւ հայտնվել հաշմասայլակի վրա:

Արեւմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ աղջիկը քիթը ծակել է 2018 թվականի հուլիսին: Անցքը սկսել է արնահոսել եւ ուռչել, սակայն նա դրան ուշադրություն չի դարձրել: Շուտով բարձրացել է նրա ջերմությունը, իսկ երբ այն իջել է, աղջիկը ոտքերում ուժեղ ցավ է զգացել: Որոշ ժամանակ անց նրա ամբողջ մարմինն է սկսել անզգայանալ, եւ այդ ժամանակ նա դիմել է բժիշկներին:

Դիասի արյան մեջ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլոկոկ, որը կարող էր այնտեղ ընկներ պիրսինգ կատարելիս: Նրա վիճակը շարունակել է վատթարանալ, ուստի աղջկան տեղափոխել են մայրաքաղաքի հիվանդանոց, որտեղ կատարել են տոմոգրաֆիա եւ ողնաշարի վրա 500 միլիլիտր ծավալով թարախի կուտակում հայտնաբերել: Այն ճնշել է 3 ողի վրա, ինչը բերել է ողնունղեղի վնասման:

Ինֆեկցիայի տարածումը կանխելու համար ստիպված էին շտապ վիրահատություն կատարել: Դիասը հիվանդանոցից դուրս է գրվել 2 ամիս հետո, սակայն նախկինի նման չի կարողանում մեկ ոտքը շարժել: Բժիշկները չեն բացառում, որ նա ստիպված կլինի ամբողջ կյանքը հաշմասայլակում անցկացնել:



© NEWS.am Medicine