Տարեկան 80-100 դեպք մինչեւ 18 տարեկանների շրջանում. Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

12:26   15 փետրվարի, 2019

Յուրաքանչյուր տարի Հայաստանում քաղցկեղով հիվանդանում է մինչև 18 տարեկան 80-100 երեխա: Մանկական տեղակայված ուռուցքների թիվը կազմում է տարեկան մոտ 40-50 առաջնակի դեպք, որոնցից առավել հաճախ հանդիպողները Կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքները, սարկոմաները, երիկամի ուռուցքներն են։

Մանկական բոլոր քաղցկեղների գրեթե 40%-ը լեյկեմիաներն են, որոնց բուժումը Հայաստանում իրականացվում է գերմանական BFM ծրագրով և ապահովում է մոտ 75-80% կատարյալ առողջացում մանուկների մոտ։

2018 թվականից հայ երեխաներին հասանելի դարձավ նաև ոսկրածուծի աուտոտրանսպլանտանցիան, որը բուժվելու հնարավորություն է տալիս այն երեխաներին եւ մեծահասակներին, ում համար քիմիոթերապիան արդյունավետ չէր:

Ինչպես հիշեցնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, օրեր առաջ ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում միավորվերցին մանկական ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունները, որպեսզի է՛լ ավելի համախմբված տարվի պայքարը մանկական քաղցկեղի դեմ և հայ մանուկներն այլևս ստիպված չլինեն մեկնել արտերկիր բուժում ստանալու համար։

Երեխաների բուժման մեջ անգնահատելի է «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի դերը, որը լիարժեք հոգում է երեխաների բուժման ծախսերը։ Շուտով հիմնադրամի և այլ բարերարների աջակցությամբ Արյունաբանական կենտրոնումում կստեղծվի մանկական քաղցկեղի առաջին պալիատիվ ծառայությունը։

Հիշեցնենք, որ 2002 թվականից ամբողջ աշխարհն ամեն տարի փետրվարի 15-ը նշում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի օր։ Այս նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, բարձրացնել մանկական քաղցկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը և աջակցություն ցուցաբերել հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին:



© NEWS.am Medicine