ԴՆԹ-ի հետազոտումը քաղցկեղի բուժումը նոր մակարդակի կհասցնի. մասնագետ

19:50   15 փետրվարի, 2019

ԴՆԹ-ում վնասվածքների հետազոտումը, որոնք քաղցկեղի զարգացման պատաճառ են դարձել, կարող է ոչ միայն օգնել կոնկրետ պացիենտի համար ավելի արդյունավետ բուժման ընտրությանը, այլեւ ստեղծել թերապիայի նոր մեթոդներ: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց հայտնի ուռուցքաբան Ռոբ Պիտերսը (Նիդեռլանդներ):

Մասնագետի խոսքով՝ քաղցկեղը զարգանում է ԴՆԹ-ում նորմալ բջիջների վնասվածքների հետեւանքով. հենց այս վնասվածքների պատճառով են բջիջները քաղցկեղային դառնում: Այնուհետեւ դրանք սկսում են ակտիվորեն կիսվել, ինչը եւ բերում է ուռուցքի աճին:

ԴՆԹ-ում վնասվածքները, որոնք քաղցկեղ են առաջացնում, տարբեր են, եւ հաճախ հենց դրանցից են կախված պացիենտի ապրելիության հնարավորությունները եւ բուժման հաջողությունը: Մասնագետի խոսքով՝ որոշ վնասվածքների դեպքում հիվանդության ընթացքն ավելի «հանդարտ» կլինի, իսկ պացիենտի ապրելիությունը՝ բանականին լավ: Այլ վնասվածքների դեպքում հիվանդությունը կզարգանա ավելի ագրեսիվ:

Ուռուցքաբանը նշեց, որ պացիենտի ԴՆԹ բջիջների հետազոտումը օգնում է կողմնորոշվել բուժման հարցում եւ ընտրել կոնկրետ պացիենտի համար առավել արդյունավետը:

Ավելին՝ քաղցկեղի զարգացմանը բերող վնասվածքների առավել խոր ըմբռնումը կարող է քաղցկեղի բուժումը նոր մակարդակի հասցնել՝ օգնելով բուժման նոր մեթոդների ստեղծմանը, որոնք ուղղված են ԴՆԹ-ում կոնկրետ վնասվածքների դեմ: Այսպիսի թերապիան, ամենայն հավանականությամբ, առավել արդյունավետ կլինի, քան այսօր գոյություն ունեցող բուժման մեթոդները:

Ռոբ Պիտերսը Հայաստան է եկել մասնակցելու փետրվարի 7-10-ը Երեւանում անցկացված Մանկական ուռուցքաբանության արեւելյան եւ միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովին:

Գիտաժողովի կազմակերպիչներն են Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցը (ԱՄՆ) եւ Բեյրութի Ամերիկյան համալսարանը (Լիբանան):



© NEWS.am Medicine