Իսկական համաճարակ. Ֆիլիպիններում կարմրուկից 136 մարդ է մահացել

13:53   20 փետրվարի, 2019

Ֆիլիպիններում կարմրուկի համաճարակից արդեն  136 մարդ է մահացել, որոնց մեծամասնությունը 1-4 տարեկան երեխաներ են: Իսկ հիվանդների թիվն արդեն գերազանցել է 8400-ը, հաղորդում է AlJazeera-ն:

Մայրաքաղաք Մանիլայում անցյալ տարվա համեմատ հիվանդացության ցուցանիշներն աճել են 1000 տոկոսով: Ֆիլիպինների Առողջապահության նախարարն ընդգծել է, որ անցյալ շաբաթ Մանիլայում եւ նրա հարակից շրջաններում  զանգվածային պատվաստում են սկսել, քանի որ դրանից հրաժարվելը եւ պատվաստման նվազեցումը բռնկման հիմնական պատճառն է: Ակնկալվում է, որ այն պետք է օգնի մինչեւ ապրիլ կանխել կարմրուկի բռնկումը:

Պետության ղեկավար Ռոդրիգո Դուտերտեն իր տեսաուղերձում զգուշացրել է կարմրուկի հնարավոր հետեւանքների մասին եւ քաղաքացիներին կոչ արել չհրաժարվել պատվաստումից:

Վերջին տվյալներով՝ Ֆիլիպիններում կարմրուկից պատվաստվելու միջին մակարդակը 60 տոկոսից ավել չէ, իսկ որոշ հեռավոր շրջաններում չի գերազանցում 30 տոկոսը:

Առողջապահության նախարարությունը ենթադրում է, որ բնակչությունը վախենում է ներարկումներից այն բանից հետո, երբ 2017-ին դենգե տենդի դեմ պատվաստումը առողջության համար վնասակար էր դարձել:

 

 

 

Կարմրուկի հետ կապված իրավիճակն այսօրվա դրությամբ լարված է ոչ միայն Ֆիլիպիններում, այլեւ այլ տարածաշրջաններում: 2018-ին կարմրուկով հիվանդացած մարդկանց թվով  Եվրոպայի երկրների վարկանիշի առաջին տեղում հայտնվել էր Ուկրաինան:

2019 թվականին միայն մեկ շաբաթվա ընթացքում այնտեղ կարմրուկի 3264 նոր դեպք են արձանագրել: Այս տարի կարմրուկից արդեն 8 մարդ է մահացել, իսկ 2018 թվականին՝ 16:



© NEWS.am Medicine