Քաղցկեղով երեխաների քիմիաթերապիայի վճարումը կստանձնի պետությունը. նախարար

17:33   20 փետրվարի, 2019

Մոտ ապագայում պետությունն ամբողջությամբ իր վրա կվերցնի օնկոլոգիական հիվանդություններով երեխաների քիմիաթերապիայի վճարումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հայաստանում այս ոլորտում առայժմ գործում է մասնակի համավճար. հիվանդ երեխաներին անհրաժեշտ քիմիաթերապիայի գումարի մի մասը վճարում է պետությունը, մնացյալ մասը լրացնում է պացիենտի ընտանիքը: Նախարարը նշեց, որ պետական բյուջեից հատկացվել է լրացուցիչ 50 մլն դրամ, որը հնարավորություն կտա լիովին ծածկել երեխաների քիմիաթերապիայի ծախսերը:.

Նախարարի խոսքով՝ Հայաստանում, ինչպես եւ ամբողջ աշխարհում, օնկոլոգիական հիվանդությունները ըստ մահացության երկրորդ տեղում են, ուստի այս ոլորտը արժանի է սեւեռուն ուշադրության եւ մի շարք քայլերի՝ սկսած այս ոլորտին ուղղված բյուջետային միջոցների մեծացումից, ավարտած այդ միջոցների ավելի նպատակահարմար օգտագործմամբ:

Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանում ընթացիկ տարվանից օնկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժումը ամբողջությամբ պետպատվերով կկատարվի: Այս տարի պետական բյուջեով հատկացվել է լրացուցիչ 700 մլն դրամ՝ ի հավելումն անցյալ տարվա 1.1 մլրդ դրամի: Դրանից բացի, մոտ 200 մարդ կարող է պետպատվերի շրջանակում ստանալ նաեւ ճառագայթային թերապիա:



© NEWS.am Medicine