«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը 6 ամսում ստացել է 859 մլն 55 հազար դրամ նվիրատվություն. Աննա Հակոբյան

15:10   21 փետրվարի, 2019

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը 6 ամսում ստացել է 859 մլն 55 հազար դրամ նվիրատվություն, իսկ ծախսվել է 236 մլն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իմ քայլը» եւ «City of smile» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը՝ վարչապետի կինը:

Նվիրատվությունները ֆոնդին 114 անհատների եւ կազմակերպությունների կողմից են արվել: Հիմնադրամի գոյության ժամանակահատվածում մեկ մարդուց ստացած ամենամեծ նվիրատվությունը 241 մլն դրամ է: Այս գումարն ուղղվել է Մեղրիում մանկապարտեզի վերանորոգմանը: Ամենափոքր նվիրատվությունը եղել է 1000 դրամը:

Աննա Հակոբյանի խոսքով՝ հիմնադրամի գոյության ժամանակահատվածում 2 գործուղում են կազմակերպել նվիրատվություններ հավաքելու նպատակով: Առաջինի համար ծախսել են 832 հազար դրամ եւ կարողացել են հավաքել 98 մլն 440 հազար դրամ: Երկրորդի համար ծասվել է 3 մլն 642 հազար դրամ եւ հավաքվել 75 մլն:

Աննա Հակոբյանը նաեւ նշեց, որ հիմնադրամն այս պահին չունի ո՛չ գրասենյակ, ո՛չ սարքավորումներ. աշխատակիցներն օգտագործում են իրենց անձնական համակարգիչները: Հիմնադրամը փնտրում է մատչելի գնով շինություն, որտեղ հնարավոր կլինի գրասենյակը տեղակայել: Հակոբյանի խոսքով՝ հիմնադրամը չի պատրաստվում այս նպատակով օգտագործել կառավարության շենքը:

Ինչ վերաբերում է «City of smile» հիմնադրամին, իր գոյության ընթացքում նրան նվիրաբերվել է 264 մլն դրամ: Այս հիմնադրամն օգնում է վճարել օնկոլոգիական հիվանդությունների բուժման համար, եւ նրա շահառուներն են, Աննա Հակոբյանի խոսքով, ավելի քան 100 երեխաներ:



© NEWS.am Medicine