Տարեց տարիքում ինչպե՞ս կարելի է կանխել դեմենցիան

10:58   22 փետրվարի, 2019

Միջին տարիքում ֆիզիկական եւ մտավոր ակտիվությունը զգալիորեն նվազեցնում է ծերության օրոք դեմենցիայի զարգացման վտանգը, պնդում են Շվեդիայի Գյոթեբորգի համալսարանի գիտնականները:

Նրանք Neurology® ամսագրում հրապարակել են իրենց հետազոտության արդյունքները, որը տեւել է 44 տարի, եւ որին մասնակցել է 800 շվեդուհի: Կամավորների շրջանում հարցում են անցկացրել մտավոր եւ ֆիզիկական ակտիվության մակարդակի վերաբերյալ:

Մտավոր ակտիվությունը ներառում էր ընթերցանությունը եւ գրելը, համերգներ այցելելը, երգչախմբում երգելը, ասեղնագործությունը եւ այգեգործությունը: Ընդ որում՝ գիտնականները մասնակիցներին միավորներ են տվել գործունեության յուրաքանչյուր տեսակի համար, իսկ առավելագույն հնարավոր գնահատականը հասել է 10 միավորի: 

Անկախ հարցման արդյունքներից՝ մասնակիցներին բաժանել են երկու խմբի, որոնցից մեկում ընդգրկվել են 2 միավորից ոչ ավելին ստացողները, իսկ մյուսում՝ երեքից մինչեւ 10 միավոր ստացողները (մասնակիցների 56 տոկոսը):

Գիտնականները գնահատել են նաեւ ֆիզիկական ակտիվությունը, եւ կանանց բաժանել են ակտիվ (82 տոկոս) ու ոչ ակտիվ (17 տոկոս) խմբերի:

Հետազոտության ողջ ընթացքում 194 կանանց մոտ զարգացել է դեմենցիա, ընդ որում՝ 102 մասնակիցների մոտ ախտորոշվել է Ալցհեյմերի հիվանդություն, 27-ի մոտ՝ անոթային դեմենցիա եւ 41-ի մոտ՝ խառը դեմենցիա:

Պարզվել է, որ մտավոր ակտիվության բարձր մակարդակով մարդկանց մոտ Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը նվազել է 46 տոկոսով, իսկ տկարամտության ցանկացած ձեւի զարգացման հավանականությունը՝ 34 տոկոսով: Ֆիզիկական ակտիվությունը անոթային դեմենցիայի հավանականությունը նվազեցրել է 52 տոկոսով, իսկ խառը դեմենցիայինը՝ 56 տոկոսով:



© NEWS.am Medicine