Մասնագետները պատմել են, թե ինչպես կարելի է արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից

14:25   25 փետրվարի, 2019

Միջանկյալ մարզումների ժամանակ ավելորդ կիլոգրամներից ազատվելն ավելի ինտենսիվ է ընթանում, քան երկարատեւ ու չափավոր բեռնվածությունների ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է Healthline պորտալը՝ հղում կատարելով Բրազիլիայի եւ Մեծ Բրիտանիայի գիտնականների խմբի հետազոտության վրա։

Ինչպես պարզվել է, ենթամաշկային ճարպի մաշումն արագանում է ֆիզիկական բարձր ակտիվության եւ կարճատեւ դադարների պայմաններում։ Այդպիսին կարող են լինել ինտեսնիվ վազքը, նստած տեղից ոստյունները, բերպին (բազմահոդ վարժություն, որն աշխատեցնում է միանգամից մի քանի մկանախումբ)։

Գիտնականներն ընդհանրացրել են 41 հետազոտության արդյունքներ, որոնցում միջանկյալ մարզումների եւ չափավոր ինտենսիվությամբ երկարատեւ մարզական պարապմունքների արդյունքների համեմատական վերլուծություն է անցկացվել։ Հետազոտության տվյալները վերաբերել են 1115 մասնակցի, որոնք ֆիզիկական բեռնվածությանը հատկացրել են 4-16 շաբաթ։

Պարզվել է, որ միջանկյալ մարզումների մեկ ամսվա ընթացքում միջինը քաշի կորուստը կազմել է 1,58 կիլոգրամ, այն դեպքում, երբ երկարատեւ չափավոր մարզումների ժամանակ՝ 1,13 կիլոգրամ։

Գիտնականները դա բացատրում են նրանով, որ ինտենսիվ պարապմունքների ժամանակ արագ սպառվում է մկաններին հասնող թթվածինը, ինչի հետեւանքով, էներգիա ստանալու նպատակով, սկսում են ճեղքվել ճարպերը։ Բացի այդ, թթվածնի անբավարարությունը փոխհատուցելու համար մարդու մարմինն այրում է կալորիաներ այդ մարզումներից հետո մի քանի ժամվա ընթացքում։



© NEWS.am Medicine